Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ-ն չհամագործակցի Իրանի հետ, Հարավային Կովկասում տոտալ ազդեցությունը լինելու է Թուրքիայինը. Վիկտոր Նադեին-Ռաևսկի. 168.am

Մարտ 08,2024 20:00

Մինչ արևմտյան համայնքն ինտենսիվ ջանքեր է ներդնում Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրսբերման ուղղությամբ, հակառակ ջանքերն են կիրառվում Թուրքիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու նպատակով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախորդ շաբաթ Անկարայում հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ Հաղորդվում է նաև, որ կողմերն աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին՝ ընդգծելով՝ առաջընթացը, որը ձեռք կբերվի այս ոլորտում, վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար։

Ֆիդանը երեկ է մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Գազայի և Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկյան ռազմական և էներգետիկ համագործակցության հարցեր։ Ընդգծելով, որ Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Ջեյք Սալիվանի հետ՝ Reuters-ը փոխանցել էր, որ Ֆիդանն ու Բլինքենը «համապարփակ բանակցություններ» կանցկացնեն․ բանակցությունների միջոցով Վաշինգտոնն ու Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայկական հարցերն արդեն ամուր ներթափանցել են թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգ Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի ազդեցությունների տատանման հետևանքով, ինչը Ղարաբաղյան վերջին տարիների զարգացումների ու ՀՀ արևմտյան նկրտումների հետևանքն է։

Ըստ նրա՝ Արևմուտքն այստեղ հաշվի է նստում Թուրքիայի ազդեցության ու շահերի հետ, Թուրքիային է համարում Հարավային Կովկասում Խաղաղության համաձայնագրից հետո ձևավորվելիք ստատուս-քվոյի ապագա երաշխավոր։

«Արևմուտքը՝ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը, այդ ռեգիոնում գործնական ազդեցություն չեն կարողանում և չեն ցանկանում ստանձնել, ուստի ձգտում են ռեգիոնը թողնել Թուրքիայի հոգածությանը։ Թուրքիան սրան դեմ չէ, բնականաբար, այսինքն՝ ՀՀ արևմտյան կողմնորոշումը սա է ենթադրում, քանի որ Արևմուտքը թշնամական հարաբերություններ ունի Իրանի և Ռուսաստանի հետ, ուստի, չնայած բազմաթիվ տարաձայնություններին՝ պետք է համագործակցի Թուրքիայի հետ։ Արևմուտքը Թուրքիային է պատկերացնում՝ որպես ռեգիոնալ հարցերի մենեջեր, դա է պատճառը, որ կոչ է հնչում, որ Թուրքիան ինչ-որ գործառույթներ իրականացնի։ Սակայն նույնիսկ դրա կարիքը չունի Թուրքիան, քանի որ բոլոր հարցերը լուծում է Ադրբեջանի միջոցով։ Խաղաղությունը Թուրքիայի պատկերացմամբ՝ անցնում է ՀՀ զիջումների ճանապարհով»,- ասաց նա։

Արևմտյան այս սցենարին, վերլուծաբանի խոսքով, դիմադրում է Իրանը, որն ինքն է ցանկանում դառնալ երաշխավոր Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ «Սակայն Իրանի տարբերակը ՀՀ-ն չի կարող ընդունել, քանի որ դա անընդունելի է Արևմուտքի համար, ուստի պետք է հարմարվի արևմտյան սցենարին, որում Թուրքիան ունի կենտրոնական դերակատարություն։ Ուստի ներկայումս Իրանն ակտիվ աշխատում է հայկական կողմի հետ, քանի որ Ադրբեջանի դեպքում ամեն բան պարզ է։ Եթե ՀՀ-ն չհամագործակցի Իրանի հետ, Հարավային Կովկասում տոտալ ազդեցությունը լինելու է Թուրքիայինը»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031