Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մխիթար Պապոյանն իր համար պարզել է՝ ով է դատական համակարգում «Հուդան»

Մարտ 15,2024 18:02

Դատավոր Մխիթար Պապոյանը չի կարծում, թե իր հեռախոսում ունի գործընկերների հետ այնպիսի գրագրություն, որը կարող էր իրեն անհարմար դրության մեջ դնել, եթե հրապարակային դառնար:

«Կարծում եմ՝ այդպիսի տվյալներ չունեմ իմ հեռախոսի մեջ, բայց ոչինչ չեմ բացառում, ոչինչ չեմ ջնջում իմ հեռախոսից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պապոյանը:

Դուք տեղյա՞կ եք, որ ձեր գործընկերները գնում են դատական համակարգից՝ նմանօրինակ գրագրությունների հրապարակայանացման արդյունքում, հարցին պարոն Պապոյանն արձագանքեց՝ չի ցանկանում այդ հարցին պատասխանել:

Իսկ ո՞վ է դատական համակարգի «Հուդան» հարցին, պարոն Պապոյանը պատասխանեց. «Իհարկե, ինձ համար պարզել եմ, բայց ներողություն եմ խնդրելու՝ չպատասխանել այդ հարցին»:

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, վերջին շրջանում սեփական դիմումի համաձայն՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ էլ Արշակ Վարդանյանն էր սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ դատավորներն իրենց խմբում իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպել են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Լրագրողները պարոն Պապոյանից հետաքրքրվեցին, եթե ինքը քննադատություն ունենար իշխանությունների հասցեին կամ այլ խոսքեր ասված, կհրապարակե՞ր: Ի պատասխան ասաց. «Ընդհանուր առմամբ ես ինչ-որ անձի վերաբերյալ բան խոսելուց հրապարակային եմ խոսում կամ այդ անձի աչքերին նայելով եմ խոսում: Ես խուսափում եմ անձի բացակայության պայմաններում այդ անձի մասին խոսելուց, ամեն դեպքում՝ իմ խոսքերից երբեւէ չեմ ամաչի»:

Անդրադառնալով տարբեր զեկույցներում արձանագրված՝ դատախազների կողմից դատավորների վրա ճնշումներին մեղադրական վճիռների վերաբերյալ, պարոն Պապոյանը նկատեց, որ ինքը 15 տարվա դատավոր է, նման ճնշումներ իր նկատմամբ չեն եղել, իսկ համակարգի վրա մոտ 10 տարի դատախազների կողմից չի նկատել ճնշումներ:

Լրագրողի հարցին, թե ինչու հստակեցրեց կոնկրետ դատախազների մասով, իսկ այլ որեւէ տեսակի ճնշում եղե՞լ է, ի պատասխան պարոն Պապոյանն ասաց, որ երբ որ դատավորը պատկերացնում է, թե հասարակությունը կամ ինչ-որ մի խումբ՝ օրինակ` փաստաբանների, ինչպիսի դատական ակտ է իրենից ակնկալում ու դրան լինելով գերի՝ կայացնում է այդ ցանկալի դատական ակտը, դա էլ է ճնշման տեսակ: Ըստ Պապոյանի՝ դատավորը պետք է բոլորից անկախ լինի՝ ոչ միայն իշխանություններից, գործընկերներից, այլեւ բոլորից ու բացառապես ղեկավարվի օրենքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031