Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական թիմը առաջարկում է Կարապետյանի ՝«մեր ձեւով» կոչը գնահատող փորձագետների խմբի հարցաքննություն

Օգոստոս 06,2026 16:39 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմն այսօր Հակակոռուպցիոն դատարանում առաջարկներ ներկայացրեց հիմնական դատալսումների ընթացքում հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։

Այդ առաջարկների մեջ էր մտնում լեզվաբանների և հոգեբանների խմբի հարցաքննությունը՝ Սամվել Կարապետյանին վերագրվող հայտնի՝ բռնություն գործադրելու կոչի դրվագով։

Հիշեցնենք՝ Կարապետյանը, ի պաշտպանություն եկեղեցու, հայտարարել էր՝ «մեր ձևով» եկեղեցին պաշտպանելու մասին։ Պաշտպաններից Արշակ Վարդանյանի խոսքով՝ նշված փորձագետների հարցաքննությամբ հաստատելու են Կարապետյանի խոսքում կոչի և բռնություն գործադրելու հատկանիշների բացակայությունը, ինչպես նաև նրա անմեղությունը։ Ըստ պաշտպանի՝ կհաստատեն նաև Կարապետյանի՝ հինգ ամիս անազատության մեջ պահելու ոչ իրավաչափությունը և այդ եղանակով նրա հիմնական իրավունքներից զրկելու ու քողարկված պատժելու փաստը։

Արշակ Վարդանյանը, անդրադառնալով նաև տուրբոգեներատորների դրվագին, առաջարկեց հետազոտել պաշտպանական թիմի ներկայացրած հոգեբանական և լեզվաբանական փորձագետների խմբի կարծիքներն անթույլատրելի ճանաչելու մասին քննչական խմբի ղեկավարի որոշումը, որով, ըստ Վարդանյանի, հաստատվում է վերոնշյալ կարծիքներն անթույլատրելի ճանաչելու անհիմն պատճառաբանությունը, ինչպես նաև քննչական խմբի ղեկավարի բացահայտ կանխակալ լինելու փաստը։

Ըստ պաշտպանի՝ անհրաժեշտ է վկայի կարգավիճակով հարցաքննել ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր երկու տեսուչներին, որոնց հարցաքննությամբ պարզելու են ստուգման ժամանակ նախաքննական մարմնի նյութերը չստանալու և առանց դրանց եզրահանգումներ կատարելու հանգամանքը, քանի որ, ըստ որոշման, որևէ նյութ ստուգողներին չի ներկայացվել։

Ըստ Վարդանյանի՝ պարզելու են նաև վարութային գործողություն իրականացնելու լիազորություն չունեցող անձի կողմից ստուգողներին ելակետային տվյալներ տրամադրելու, ինչպես նաև դրանք օգտագործելու հանգամանքներն ու իրավաչափությունը։

Պաշտպանական թիմն առաջարկեց նաև հետազոտել ստուգում կատարելու մասին քննչական խմբի ղեկավարի որոշումը, որով հիմնավորվում է, որ ստուգող մարմնին պաշտոնապես նյութեր ու փաստաթղթեր չեն տրամադրվել, ստուգողներին ներկայացվել են փաստական տվյալներ և հաստատվել փաստեր, որոնց առկայությունը ողջամտորեն ակնկալվում էր պարզել հենց ստուգման արդյունքներով։

Արշակ Վարդանյանի խոսքով՝ իրենք հիմնավորելու են, որ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը թե՛ մինչև ստուգման ակտի կազմումը, թե՛ դրանից հետո անգամ եզրակացությամբ հիմնված է ոչ թե ապացույցների, այլ բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ասեկոսեների մակարդակով հիմնավորվող և ստուգման ենթակա չհանդիսացող տվյալների վրա։ Պաշտպանական թիմը առաջարկեց հարցաքննել նաև քննչական խմբի ղեկավարին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31