Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար». Ժաննա Անդրեասյան

Մարտ 20,2024 18:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական սկզբունքները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով: Այս համատեքստում ներկայացվել են ակադեմիական քաղաքի համար նախագծվող ենթակառուցվածքները և այն նոր հնարավորությունները, որոնք նախատեսված են բուհերի ուսումնական և հետազոտական գործընթացի համար:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ «Ակադեմիական քաղաքը» Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 6 ակադեմիական կլաստերներից:

Նախարարը տեղեկացրել է՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ինչպես իր ճարտարապետական բաղադրիչով, այնպես էլ էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել է տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններին: Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծի հայեցակարգն այժմ մշակվում է առավել մանրամասնությամբ և առաջիկայում կներկայացվի:

Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է քաղաքի շահառուների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։

Անդրադառնալով միջպետական բուհերի հետագա գործունեությանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում:

«Ստեղծվելու է ենթակառուցվածք, որն իր որակով, բազմազանությամբ և հասանելիությամբ շատ ավելի գրավիչ կլինի բարձրագույն կրթության ու հետազոտության կազմակերպման համար: Նմանօրինակ միջավայրի առկայության պարագայում վստահ ենք՝ բուհերն իրենք կցանկանան քաղաքում տեղ գտնել: Կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար: Ընդ որում՝ ակադեմիական քաղաքի՝ ամբողջ ծավալով գործելու համար երկարատև ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ միջպետական բուհերի ռեկտորներին առաջարկելով ծրագրի հետ կապված ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ:

Առաջարկվել է ձևավորել աշխատանքային առանձին խումբ՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով:

Միջպետական բուհերի ռեկտորներն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում կարևորել են շարունակական հանդիպումներն ու քննարկումները` պատրաստակամություն հայտնելով իրենց հեռահար զարգացման ծրագրերում դիտարկելու նաև ակադեմիական քաղաքին ներգրավվածության հնարավորությունը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031