Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյան մեր մահճակալները տանելու ենք կառավարության շենքի մոտ, որ մնանք էնտեղ. Մարիամ Սարգսյան

Մարտ 22,2024 19:22

Ֆիրդուսի 13 հասցեում ապրող Սարգսյաններին այսօր ի վերջո ստիպեցին ազատել իրենց տունը: Հիշեցնենք, որ այդ տարածքը պատկանում է «էլիտ գրուպին»:  Այսօր նշված հասցե էին գնացել ընկերության ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ եւ Սարգսյաններից պահանջում դուրս գալ տնից, որ քանդեն:

«Հիմա դրսում ենք, ասացին՝ տարբերակ չկա, դուրս հանեցին մեզ, մենք էլ մեր դարպասների մոտ ենք կանգնել»,- Aravot.am-ին ասաց Մարիամ Սարգսյանը: Նա պատմեց, որ այդ տունն իրենց ձեռքերով են կառուցել ու արդեն 40 տարի է՝ այդտեղ են ապրում, այդտեղ են ծնվել իրենց երեխաները: Նրա պատմելով՝ այդ հասցեում իրենք հաշվառված են, բայց տան սեփականության վկայական չունեն: Տարիներ առաջ ամուսնու եղբայրն է իր վրա վերցրել տան սեփականաշնորհման գործընթացը ու իրենց մոլորեցնելով՝ դարձել տան սեփականատեր: Մեր զրուցակցի պատմելով, իրենց տունը դեռ տարիներ առաջ գնել էր «Գոլդեն Հիլզ» ընկերությունը, փոխհատուցում տվել ամուսնու եղբորը, որպես տան սեփականատեր, վերջինս էլ գումարն առել ու անհետացել է: Մարիամ Սարգսյանի խոսքով, «Գոլդեն Հիլզը» նշված տարածքը վաճառել է «Էլիտ գրուպին»:

Հիմա Սարգսյանները փոխհատուցում են պահանջում էլիտ «գրուպից». «41 տարի գրանցված ենք այս տան վրա, բնակվել ենք այստեղ, կոմունալներն էլ մեր անունով է, 41 տարի է՝ մենք ենք վճարում: 2018 թվականին այս տարածքը իրացրել են, փաստորեն այդ ժամանակից ձեն-ձուն չկա, մենք էլ գիտենք՝ փոխհատուցում են տալու, էն էլ եկել են՝ դուրս եկեք: Սկսել են քանդել, տան տանիքն են քանդել, վերջին սենյակի պատը: Մեզ առաջարկեցին օգնել տեղափոխել տան իրերը, բայց ուր տանենք: 40 տարվա տուն է, հո մի օրվա կամ երկու օրվա ծանուցելու բան չէ: Մեզ չեն էլ նախապես ծանուցել, որ ազատենք: Էլիտ գրուպի դեմ հայց ունենք դատարանում, դատաքննությունը չի ավարտվել բայց մեզ արդեն հանեցին մեր տնից: Առավոտյան մեր մահճակալները տանելու ենք կառավարության շենքի մոտ, որ մնանք էնտեղ: Տեղ չունենք գնալու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031