Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքա՛ծ ունեմ հանրության կարծիքի վրա, հենց ըտենց, հանրություն կա՞, որ հանրությանը բանի տեղ դնեմ… Թող ապրեն ըտենց դեբիլի պես». Վլադիմիր Գասպարյան

Ապրիլ 04,2024 18:13

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։

Ըստ հայցի, Վլադիմիր Գասպարյանը 2015-ին դստերը նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնում: Սակայն նա ծառայության չի ներկայացել, առանց զեկուցագրերի և հրամանների բացակայել է Հայաստանից։
Լեւոն Երանոսյանը երեք տարվա ընթացքում ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկել: Ավելին, ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի պետի օժանդակությամբ, յուրաքանչյուր ամիս նրան աշխատավարձ է վճարվել։ Արձակուրդայինների, պարգևատրումների և աշխատավարձի ընդհանուր հաշվարկով՝ ոստիկանապետի դստերը վճարվել է խոշոր գումար՝ 8 մլն 838 հազար դրամ։ Լեւոն Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Վ. Գասպարյանի դստերը չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը և 2018-ին հանձնարարել է կազմակերպել նրան բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։

Հետո Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը պատճառած վնասը եւ ոչ արդարացնող հիմքով՝ համաներմամբ, դադարեցվել է նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը: Համաներումը եղել էր «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքով:

Այսօր Aravot.am-ը Վլադիմիր Գասպարյանին հարցրեց՝ ինչո՞ւ ձեր դուստրն ընդունեց իր մեղքը եւ արդարացման ճանապարհով չգնաց, վերականգնեց մոտ 9 մլն վնասը: Նա պատասխանեց. «Տենաս՝ կհարցնես»:

Հարցին՝ դե՞մ էիք, որ նա այդ ճանապարհով գնար, ինչո՞ւ եք լռում, դատարանում ցուցմունք չեք տալիս, մեկնաբանություններ չեք անում, հանրությունը ուզում է իմանալ գործի հանգամանքները՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Թքած ունեմ հանրության կարծիքի վրա, հենց ըտենց: Հանրություն կա՞, որ հանրությանը բանի տեղ դնեմ, ո՞ւր է էդ հանրությունը»:

Երբ հակադարձեցինք, թե ինչո՞ւ է այդպես ասում, նա ասաց. «Թող ապրեն ըտենց դեբիլի պես»: Երբ ասացինք՝ մենք էլ ենք հանրության մաս, մեզ հետաքրքրում են գործի հետ կապված շատ հարցերի պատասխաններ՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Քո հետ հետո կխոսենք, հիվանդ եմ, ախպոր պես»:

Ավելի ուշ, երբ ճշտեցինք՝ ոչ մի ասելիք չունե՞ք՝ նա ասաց, որ դա կանի դատավճռից հետո, թե ինչ ակնկալիք ունի դատական գործընթացից, ասաց՝ «Միայն արդարացում»:

Հարցին՝ բա ինչո՞ւ ձեր դուստրն էլ այդ ճանապարհով չգնաց՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Իմ դուստրը մեծ աղջիկ է՝ 41-42 տարեկան, ունի ամուսին»: Դիտարկմանը, որ ուզեք-չուզեք՝ իր արարքը ձեր անվան հետ է կապվում՝ Վլադիմիր Գասպարյանը վրդովվեց, սկսեց ձեռքը խփել սեղանին ու գոռալ՝ «դավա՛յ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930