Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սուրեն Սուրենյանցի, իշխանափոխության ճանապարհին նոր լիդերության ինստիտուտ ձեւավորելու կարիք կա

Ապրիլ 06,2024 18:31

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած անդրանիկ հանրահավաքը բազմամարդ չէր: Բայց դա անակնկալի չէր բերել քաղաքական այդ ուժի ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս միջոցառումն ավելի շատ տեղեկատվական բնույթ է կրում: «Սա մեր առաջին հանրահավաքն է, որի ժամանակ հասարակությանը տեղյակ ենք պահում իշխանափոխության ճանապարհային քարտեզի մասին, հիմնավորում, թե ինչի համար է անհրաժեշտ իշխանափոխությունը, նշում ենք մի քանի առանցքային կետեր, որովհետեւ իշխանափոխությունը վերացական պահանջով չի կարող լինել: Կոնկրետ բաներ կան: Հիմա մեր գնահատմամբ վտանգված է մեր պետականությունը, ու մենք պարտավոր ենք հետեւություններ անել եւ քարտեզ առաջարկել, որը տանելու է փոփոխությունների:

Մենք փորձելու ենք փոքր հավաքներով գնալ դեպի մեծ հավաքների գեներացում, որովհետեւ ակնհայտորեն հասարակության գիտակցության հետ էլ կան խնդիրներ: Բացի այն, որ ընդդիմությունը վերջին չորս տարում արդյունավետ չի եղել, որոշ դեպքերում էլ եղել են թերացումներ, կա նաեւ հասարակության օտարվածության խնդիր, ինչը հիմա էլ մենք ձեզ հետ միասին տեսնում ենք այստեղ: Ընդ որում, սա ինչ-որ քաղաքական ուժով պայմանավորված չէ, սա խորքային խնդիր է: Եվ մեր կարեւոր նպատակներից մեկն է, անմիջական շփումներով հասկանալ, թե ինչի է հասարակությունն այս վիճակում: Եվ ինչ պետք է անենք, որպեսզի հասարակությունն արթնանա»:

Սուրեն Սուրենյանցն ասաց, որ իրենք  ինչ-որ բաներ արդեն հասկացել են: «Սա, ինչպես ասացի, մեր առաջին կենդանի շփումն է որովհետեւ մեր դահլիճային հանդիպումները շատ բազմամարդ են անցել: Բայց դահլիճային շփումը ուրիշ ձեւաչափ է: Հիմա պետք է հասկանանք, թե ինչի մեր հասարակությունը, որ համատարած դժգոհ է այս իշխանությունից՝ պայքարի հարցում շատ ակտիվ չի: Ու այս շփումները, թեկուզ հարթակի կողքին, մեզ օգնում է պատճառն ավելի լավ հասկանալ: Օրինակ, մարդիկ պահանջում են, որպեսզի լիդերի անուն տրվի: Համաձայն եմ, խնդիր է: Մարդիկ պահանջում են ցույց տալ այն Հայաստանի տեսլականը, որը Նիկոլից հետո է լինելու: Էլի խնդիր է:

Այսինքն, մենք  միջանկյալ փուլերում, հանրահավաքից՝ հանրահավաք, պետք է այս հարցերը հավաքենք եւ պատասխանը փորձենք գտնել»:

Սուրեն Սուրենյանցը նաեւ կարծիք հայտնեց, որ ամենայն հարգանք տածելով նախկին բոլոր նախագահների հանդիպ, այնուամենայնիվ նրանց, բայց ոչ նրանց քաղաքական ուժերի, դարաշրջանը փակվել է եւ նոր լիդերության ինստիտուտ ձեւավորելու կարիք կա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930