«Գլխավոր բառը, որ բնորոշում է այսօրվա Հայաստանը, դա ռեպրեսիան է, որի պատճառների մասին ես շատ եմ մտածել և չորս պատճառ եմ գտել, գուցե ավելին լինեն դրանք: Առաջին պատճառը քաղաքական հաշվեհարդարն է»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կայացած «Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը՝ վկայակոչելով Գագիկ Ծառուկյանի և մյուսների հետ կատարվածը, սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը:
«Ակնհայտորեն թիրախում Գագիկ Ծառուկյանն է, ոչ արդարության վերականգնման խնդիր կա, ոչ սոցիալական արդարության խնդիր, ոչ բյուջե մուտքեր վերադարձնելու…»,- ասաց Սուրենյանցը:
Նրա ձևակերպմամբ, Նիկոլ Փաշինյանը պարտավորություններ ունի բազմաթիվ պետությունների աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնների առաջ. «Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը վերածել է բաց բաժնետիրական ընկերության, որտեղ արտաքին բազմաթիվ խաղացողներ փայ ունեն: Ես կարծում եմ նաև, որ այս ռեպրեսիաները ունեն երրորդ շերտ. երրորդը՝ կապված է երկրի ստրատեգիական կուրսի փոփոխության հետ, այսինքն՝ ռուսական ուղեծրից Հայաստանը դուրս է բերվում: Ստրատեգիական կուրսի փոփոխությունն էլ բերել է երկրում նոր համակարգի, նոր միջավայրի ձևավորման: Եվ պատահական չէ, որ թիրախավորվում են հենց ազգային կապիտալի վառ ներկայացուցիչները»:
Սուրեն Սուրենյանցի ձևակերպմամբ, Փաշինյանի օրակարգում ուրացման մոդելն է, սակայն դա չի ենթադրում, որ ընդդիմության կռվանը պիտի լինի մինչհեղափոխական կամ մինչպատերազմական Հայաստանի մոդելի պաշտպանությունը: Նրա համոզմամբ, ընդդիմությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին պիտի հակադրվի, այլ շատ բարդ հարցերի պատասխաններ պիտի տա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Պանելային քննարկումն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































