Լրահոս
Օրվա լրահոսը

Այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի. Փաշինյան

Ապրիլ 12,2024 17:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված: «Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը հանեցի, և փաստն այն է, որ 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք: Եվ այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի: Չնայած՝ մյուս կողմից էլ գիտեք, որ մենք հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի: Առաջիկայում նաև կքննարկենք և որոշումներ կկայացնենք»,-նշել է վարչապետը:

 Անդրադառնալով առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեկ ուրիշ արձանագրում կար, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատկվել է: Այսինքն՝ պետք է ասենք, որ այդ 90 տոկոսանոց աճի 90 տոկոսը հետևյալի հետ է կապված, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ հիմա հանկարծամահության բոլոր դեպքերի առիթով հարուցվում է քրեական գործ: Ընդ որում՝ պրակտիկան ցույց է տալիս, որ դա արդարացված է, որովհետև լինում են այդպիսի դեպքեր, որ շատ նման է հանկարածամահության, բայց հետո լուրջ քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ իրականում սպանություն է տեղի ունեցել: Բայց դեպքերի մեծ մասով, իհարկե, դա հերքվում է

Նաև պետք է խոստովանել, որ առանձնապես ծանր հանցագործությունների 27 տոկոսի աճ կա: Սա էլ է պետք արձանագրել, բայց այս աճի մի մասն էլ կապված է այդ օրենսդրական փոփոխության հետ, որովհետև նախկինում, երբ այդ օրենսդրական փոփոխությունը չկար, մարդկանց, որպես հանկարծամահ եղած, ուղղակի կհուղարկավորեին, և ոչ մի բան տեղի չէր ունենա»: 

Վարչապետի խոսքով՝ պետք է արձանագրել, որ հանցագործության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է և պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն այն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև շինարարության ոլորտում առկա խնդիրներին. «Մենք բազմիցս խոսել ենք կապիտալ ներդրումների ոլորտում առկա պրոբլեմների մասին՝ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ընդհանրապես՝ պետական շինարարության ոլորտի հետ կապված: Մենք ի ցույց ենք դնում այդ պրոբլեմների միայն մի մասը, բայց պրոբլեմներ ունենք նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարության, գնումների փուլերում, բոլոր փուլերում մենք ունենք պրոբլեմներ: Պլանավորման փուլում էլ մենք ունենք պրոբլեմներ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ մասնավոր հատվածում էլ, պետական հատվածում էլ շինարարության բում է, և մասնագիտական ռեսուրսը ևս չի հերիքում, որ այս պահանջը սպասարկվի:

Վարչապետը հետաքրքրվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանից, թե այս խնդիրներին ինչպիսի լուծումներ են տրվել: «Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, նաև մարզադահլիճներում, հանդիպումներ եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք կուղարկենք շինարարությունը շարունակող բոլոր օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն այդ խնդիրները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք: Ուշադրությունը հիմա կենտրոնացրել ենք առաջիկայում հանձնվող, ավարտին մոտեցող շինարարական օբյեկտների վրա: Զուգահեռաբար իրականացնում ենք նաև օգտագործվող շինարարական նյութերի, բնութագրիչների հստակեցում: Այսինքն՝ եթե պատուհան է օգտագործվում, պատուհանի պրոֆիլի ներկայացվող պահանջներն ինչպիսին պետք է լինեն: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, նոր սկսվող շինարարական օբյեկտներում այդ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, և մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, այն, ինչն արձանագրվել է նախկինում»:

 Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում. «Ոչ միայն ակնադիտական, այլ նաև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու, որպեսզի բացահայտեն այն թերությունները, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, և միջոցներ ձեռնարկեն այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Զուգահեռաբար նաև մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- զեկուցել է Եղիազար Վարդանյանը:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ ծրագրի և իրականության հարց կա: Նախընտրական ծրագրում ֆիքսել ենք, կառավարության ծրագրում ֆիքսել ենք, պրոցեսը սկսել ենք, բայց ծրագրային ցանկացած թեզի իրականացում ճանապարհ է, որով քայլում ես: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ամեն ինչ կանխատեսել: Մենք պետք է նաև մեր ծրագրերի կատարման ընթացքին արձագանքող լինենք և առերեսվենք այն իրավիճակների հետ, որ ունենք: Եվ այդտեղ է առաջնորդությունը, որ կարողանանք նաև որոշումներ կայացնել: Այս տրամաբանության մեջ ես շատ կարևորում եմ այն հայեցակարգը, որը, ըստ էության, ամբողջացած խորհրդարանում ներկայացրեցի՝ մենք պետք է կենտրոնանանք Իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա: Սա է այն որոշումը, որ մենք մեր առաջնորդության շրջանակներում կայացրել ենք, և պիտի արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այս տրամաբանությամբ

Պրոբլեմները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ պրոբլեմները՝ մենք: Մենք պետք է լուծենք այդ պրոբլեմները, ընդ որում՝ առանց երկմտությունների: Իհարկե, կարևոր է, որ մենք բովանդակությունը լիարժեք տիրապետենք: Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք խոսույթներ ենք օգտագործել շատ երկար տարիներ, ընդ որում՝ համապետական, համազգային մակարդակով, բայց այս խոսույթի բովանդակության մեջ չենք խորացել, թե դա ինչ է նշականում: Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է»: 

Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում նախատեսում է մասամբ կիսել նաև ապահովագրական ռիսկը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2023 թ. ապահովագրվել են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը։ Ապահովագրվող ռիսկերն են եղել՝ գարնանային ցրտահարությունը, երաշտը, կարկուտը և հրդեհը։ 2023 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր շուրջ 1,8 մլրդ դրամ, դեկտեմբերի 31-ի դրությամբ տրամադրվել էր շուրջ 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2,7 մլրդ դրամի չափով։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2024 թվականին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ «Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց, ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել և վերափոխել ծրագրի մոտեցումները: Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի կառավարությունը, բացի ապահովագրավճարների սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը: Այսինքն՝ կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում՝ փոխհատուցում տրամադրելու միջոցով»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Մասնավորապես՝ նախատեսվում է գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը: Նախարարը նշել է, որ 2024 թվականին կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությանն ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ ծախսերի համար։

«Հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետներն ըստ մշակաբույսերի և ռիսկերի՝ նախատեսում ենք, որ այս տարի կկարողանանք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը ցորենը, գարին և վարսակը՝ երաշտի ռիսկից»,- ասել է Գևորգ Պապոյանը: Նախարարը ներկայացրել է ցանկում կատարված փոփոխությունները՝ հացահատիկային մշակաբույսերն այս տարի չեն ապահովագրվի կարկուտից, բայց կապահովագրվեն երաշտից, իսկ, օրինակ՝ խնձորը, բալը, կեռասը չեն ապահովագրվի գարնանային ցրտահարությունից:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը, բայց միաժամանակ ընդգծել այն լավարկելու անհրաժեշտությունը: Նշվել է՝ տեղեկություններ կան, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, գնում հենց այդտեղ ցորեն են ցանում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա ամենաբարդ բարեփոխումներից է, քանի որ մի քանի տարի ներդրված ապահովագրական համակարգը, բնականաբար, չի կարող նախատեսել բոլոր ռիսկերի ճիշտ կառավարումը: Ըստ փոխվարչապետի՝ կառավարությունը, մի քանի տարի սուբսիդավորելով այդ համակարգը, նպատակ է ունեցել այդ ծառայության նկատմամբ առաջացնել շուկայական պահանջարկ, ավելացնել ֆինանսական համակարգի հետաքրքրվածությունը՝ որպես երկարատև եկամտաբեր գործունեություն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի զարգացումը, կարգաբերումն ու լավարկումը և նշել, որ այն պետք է լրացուցիչ խթան հանդիսանա գյուղացու համար, որպեսզի նա հողը մշակի. «Ստացվում է, որ մենք փոխանակ մարդուն շահագրգռենք, որ ինքը բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ կամ ապահովագրություն ստանա»:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետք է ներդրվեն գյուղատնտեսության զարգացման խթաններ պարունակող մեխանիզմներ, որոնք հետաքրքիր կլինեն ապահովագրական և վերապահովագրող կազմակերպություններ համար: «Մենք մի կողմից մեր սիրելի գյուղացիների համար շահավետ պայմաններ ենք ստեղծել, բայց չենք մտածել, որ միջազգային վերապահովագրողը մի օր կասի՝ գիտեք ինչ ընկերներ, ոնց որ թե սխալ սխեմա եք հիմքում դրել: Քաղաքականությունների հիմքում պետք է ճիշտ ֆինանսական սխեմա լինի: Մենք ուզում ենք գյուղատնտեսությունը սուբսիդավորենք, մյուս կողմից էլ գյուղացիներին ուզում ենք օգնել, որ ոչ թե նրանք չզբաղվեն գյուղատնտեսությամբ, այլ զբաղվեն իրական գյուղատնտեսությամբ: Մենք պետք է արձանագրենք, որ պետք է ապահովագրական համակարգը զարգացնենք»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նախ անհրաժեշտ է կենտրոնանալ ապահովագրության համակարգի վրա, որպեսզի այն դառնա վստահելի մեխանիզմ բոլոր կողմերի համար՝ և՛ կառավարության, և՛ ապահովագրողի, և՛վերապահովագրողի, և՛ գյուղացու, և երկարաժամկետում՝ պետք է անել հնարավորը համակարգը զարգացնելու համար՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:

Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները 

Հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը: Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները և կարգը, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:

Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը: «Անհատական ծանուցման դեպքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը: Եվ վերջինը՝ հրապարակային ծանուցման դեպքում օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված անցագրի քաղվածքի տեղադրում:

 Սահմանվում է ծանուցումների տրման հետևյալ հերթականությունը. քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի, եթե ունի այդպիսի փոստ, հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով: Ապա՝ եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող 5-րդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված:

 Սահմանվում է նաև, որ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց հայտարարվող վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում ՀՀում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքացու ծանուցման բոլոր տեսակի հնարավոր միջոցներով ծանուցման գործընթացն ապահովելու և վերջում արդեն հրապարակային ծանուցման միջոցով ծանուցումը ենթադրում է 30 օր:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս և այսօրինակ օրենսդրական փոփոխությունները նույնպես պետք է դիտարկել բանակի բարեփոխումների տրամաբանության մեջ: «Երբ ասում ենք բանակի բարեփոխում, մենք միշտ հասկանում ենք մի փոքր առաջին շերտում երևացող հատվածները, ինչը, իհարկե, կարևոր է, բայց խորքերում կան պրոբլեմներ, որոնք լուծման արժանի են և ենթակա: Այս խնդրի հետ ինչու և ինչպես ենք բախվել: Մասնավորապես, վարժական հավաքների հետ կապված գիտենք, որ խնդիր է դրված իքս թվով մարդ ներգրավել վարժական հավաքի և տեսնում ենք, որ օրինակ՝ ծանուցումները դրանից երբեմն կրկնակի, նույնիսկ կարող է եռակի ավելի լինեն: Եվ անտրամաբանական է, եկեք հաշվենք, որ ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է: Այսինքն՝ դա ծախս է: Հետևաբար, ենթադրենք 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի՝ ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում: Փաստորեն 10 անգամ ավելի ծախս ենք անում, քան կարող էինք անել, կամ եթե ոչ 10 անգամ, 9 անգամ ավելի՝ համարելով, որ միշտ ճշգրիտ չի լինելու այդ թիվը: Բախվում ենք այս իրականության հետ, երբ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, որը պրոբլեմներ է ստեղծում: Եվ հիմա այս օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի մի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների: Հարցը, իհարկե, բազում շերտեր, նրբություններ ունի, և ընդ որում, պետք է ասել, որ շատ մանրամասն ենք քննարկել»,- ասել է վարչապետը

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև հիվանդությունների հենքի վրա զինծառայողների, զորակոչիկների կամ վարժական հավաքի մասնակիցների ազատումների անտրամաբանական ծավալներին. «Իհարկե, մենք ունենք դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել, ձերբակալվածներ են եղել, կալանավորվածներ են եղել, բայց նաև այս պրոցեսներն ուսումնասիրելիս՝ մենք տեսնում ենք, որ հիվանդությունների ցանկն այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին»:

Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով. «Պետք է արձանագրենք, որ պրոբլեմներ լինելու են։ Ընդհանրապես գոյություն չունի հաջողության պատմություն, որը չի անցել անհաջողությունների միջով։ Մենք տեսնում ենք այդ վերջին հաջողությունը, բայց դա ո՞նց է ծնվել։ Շատերը դա չեն տեսնում: Եվ մենք պետք է այս արձանագրմամբ գնանք առաջ, իհարկե, ամեն ինչ անելով, որ սխալների թիվը հնարավորինս քիչ լինի։ Պետք է ուղղակի ամեն ինչ անել, որ դեպի հաջողություն տանող անհաջողությունները հնարավորինս քիչ լինեն, հնարավորինս պակաս ճակատագրական լինեն և անշրջելի ու անդառնալի չլինեն։ Այս է մեր ամբողջ խնդիրը»:

Կմեծանան վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես՝ միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար:

Որոշմամբ նախատեսվում է նաև մեծացնել Հայաստանի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները: Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այսօր Հայաստանում գործում է 6 կենտրոն, որոնք իրենց մաքսիմալ կարողություններով են աշխատում: Այժմ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ: «Եթե 2023-ին մեր շահառուների թիվը կազմել է 5441 հոգի, և ծնված բալիկների թիվը եղել է 159, ապա 2024 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում արդեն շահառուների թիվը 1672 է, ծնված երեխաների թիվը՝ 109»,- ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն. «Սա նման մասշտաբի առաջին նախագիծն է Հայաստանում, որտեղ հնարավորություն է ստեղծվելու նորագույն հետազոտական, վիրաբուժական, վերակենդանացման ծառայությունները՝ սարքավորումներով հագեցած, իրական կյանքի իրավիճակներում ունենան կարողություններ, որ մեր թե՛ ռեզիդենտները, թե՛ օրդինատորները սովորելիս կարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները և ավարտելիս ունակ լինեն անմիջապես բուժառուների հետ աշխատելու»:

Նախարարի խոսքով՝ կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ պատրաստ լինեն բուժառուների հետ աշխատելուն. «Ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է, և մենք 2025 թվականից պատրաստ ենք լինելու այս կենտրոնի դռները բացել ոչ միայն տվյալ բժշկական կենտրոնում աշխատող, սովորող ուսանողների համար, այլ այն նաև հանրապետական նշանակության է լինելու»:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է սիմուլյացիոն կրթական կենտրոնի տեղի հարցը այս տարանջատել և մեկ անգամ էլ քննարկել՝ հաշվի առնելով նաև կրթական նշանակության հանգամանքը: «Քննարկելու համար կարճ ժամանակ ենք ունեցել, և շատ չենք կենտրոնացել տեղի հարցի վրա: Ես կառաջարկեի՝ եթե հնարավոր է՝ այդ կտորը անջատենք, ևս մեկ անգամ քննարկենք, նոր վերջնական որոշում կայացնենք»:

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է որոշումն ընդունել առանց այդ կետի և 1 շաբաթ ժամանակ տվել վերջնական որոշման համար:

Ապօրինի գույքի գործով հաշտություն է կնքվել

Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով դատարան ներկայացված հայցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ. փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով: Հաշտության համաձայնությունը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. փետրվարի 27-ի վճռով: Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ Որոշմամբ առաջարկվում է հողամասն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի պետական սեփականություն հանդիսացող գույքն ամրացնել կոմիտեին և հետագայում քննարկել դրա տնօրինման հարցը։

Նախատեսվում է ԼՂից բռնի տեղահանված և ՀՀում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրում ավելացնել 12-րդ գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ՝ դրանով նախատեսելով հետևյալ գործողությունները՝

ա) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների, ներառյալ՝ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում՝ հողի) նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում,

բ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում,

գ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովում:

Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության կատարման պատասխանատու մարմին նախատեսել ՀՀ արդարադատության նախարարությանը:

Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂից տեղահանված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված, 2023 թ. նոյեմբերի 9-ի համապատասխան որոշման շահառու հանդիսացող 4412 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 276 մլն դրամ: 

Միջազգային համագործակցություն. Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա

Կառավարությունն ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարության համար Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունի զարգացման լուրջ հեռանկարներ: Հայաստանը, հանդիսանալով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, մեծապես արժևորում է Միացյալ Թագավորության գործուն դերակատարությունը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման, պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնության ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը: Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով, մասնավորապես, սահմանվում են պահեստային վկայագրերի շրջանառության և մարման միասնական մոտեցումները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները և պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի և պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։ Համաձայնագրի գործարկումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը և դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը։

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Կապահովվի ՀՀ իրավական և սոցիալտնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ. Գործադիրը հավանություն է տվել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ՝ քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի համար, կանխել ակնհայտ անհիմն հայցադիմումների ներկայացումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, սահմանել պայմանագրերի անվավերության պահանջի դեպքում դատարանի կողմից մատուցված ծառայությանը՝ գործի քննությանը և լուծմանը համապատասխան պետական տուրքի գանձումը պայմանագրի գնի չափով պայմանավորված, ինչպես նաև ապահովել դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վիճարկման դեպքում կիրառվող տուրքի միատեսակությունը: Նախագծով առաջարկվում է, որ ձեռնարկատիրական գործունեությունից կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող գործարքների (պայմանագրերի) անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում տուրքը գանձել պայմանագրի գնի հիման վրա հաշվարկվող դրույքաչափով՝ հիմք ընդունելով դրամական պահանջների համար սահմանված տոկոսային, առավելագույն և նվազագույն չափերը: Օրինագծով սահմանվել է նաև, որ վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար սահմանված տուրքի կանոնը նախատեսել այնպես, որ այն կիրառվի դրամական պարտավորություն առաջադրող բոլոր վարչական ակտերի վիճարկման նկատմամբ:

Կներդրվի Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգը. Հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը և պետական մարմինների միջև պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման և հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է։ Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման և հաշվառման ներկայիս իրավիճակը և առկա խնդիրները՝ նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա: Պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում կապահովվի գրեթե առանց ձեռքի միջամտության պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում՝ հիմք ընդունելով լիազոր մարմինների կողմից օնլայն ռեժիմով պարբերաբար ներկայացվող նոր կամ ճշգրտված տեղեկատվությունը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի համաձայն՝ ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնելու ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ: Հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության տրամադրումն է և տեղեկության ստացումն է։ Հարկային մարմինը իրավունք ունի օգտագործել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ նշված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունը և Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Ըստ հիմնավորման՝ Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի մաս: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ներկայումս գյուղն ունի 273 տնային տնտեսություն: Համաձայն բնակչության ռեգիստրի տվյալների՝ գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը՝ անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք: Սանահինում գործում է Ա. Միկոյանի անվ. թիվ 4 հիմնական դպրոցը՝ կառուցված 1959 թվականին: Ներկայումս դպրոցում սովորում է 132 աշակերտ: Սանահինում գործում է նաև թիվ 5 մանկապարտեզը, որն ունի 26 սան:

Հավանություն է տրվել նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն /լոֆթ/ հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման նպատակները, ինչպես նաև պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվի լիազորող նորմ։

Սահմանվել են մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները

Կառավարությունը սահմանել է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները: Մասնավորապես` սահմանվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում և կարգավորվում է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի համապատասխան որոշմամբ: Վերոնշյալ մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում ապրանքների, տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում: Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենա բացառապես հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն, և առանց այդ նպատակի երրորդ անձանց մուտքը, գտնվելը նշված գոտիներում արգելվում է:

Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրով բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը. զոհված զինծառայողի ընտանիքի անդամին տրվում է առանց վիճակահանության գնման իրավունք 

Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Սահմանվել է, որ ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վաճառքի ենթակա է թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 1 փուլով: Որոշմամբ՝ նշված բնակարաններից և ավտոկայանատեղիներից առանց վիճակահանության, որպես բացառություն, հաստատված կարգի պայմաններով, բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունք է տրամադրվում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի այն անդամին, ով ծրագրի շրջանակներում համարվում է հավակնորդ:

Կհստակեցվեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթության բարեփոխումների շրջանակում հաստատության ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջներում: Ըստ այդմ՝ կհստակեցվեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները: Կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց։ Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված է նաև վերապատրաստման եղանակը: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ ավելի շատ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար այն կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով՝ հաշվի առնելով նաև վերապատրաստող կազմակերպությունների՝ աշխարհագրական իմաստով շատ չլինելու պարագայում վերապատրաստման արդյունավետությունը:

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների: Ընդհանուր առմամբ 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նախորդ՝ 2023/2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը: Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 598 տեղ, նախորդ տարվա 480-ի փոխարեն (118-ով ավելի): Պաշտպանության նախարարությունը 2023/2024 ուստարվա՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսել էր 180 տեղ (պլանավորված 350-ի փոխարեն), իսկ այս տարի՝ 160-ը (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350-ի փոխարեն): 2024-2025 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր շրջանավարտների համար (7 տեղ): 

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած որոշման մեջ, որով սահմանվել է նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները: Որոշման արդյունքում՝ կկատարելագործվի և կթվայնացվի ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տվյալների տրամադրման գործընթացը: Դա հնարավորություն կտա նաև խուսափել ավելորդ վարչարարությունից, որի արդյունքում կբացառվեն տեխնիկական վրիպակները և մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականությունը:

Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ «Գևմիկ» և «Արփիմեդ» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Գևմիկ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով Գեղարքունիքի մարզում նախատեսում է կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ վարդերի աճեցման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.56 մլրդ դրամի ներդրում ջերմոցների և վարդի տնկիների ձեռքբերման համար, ինչպես նաև 661 մլն դրամի ներդրում հողային կոմունիկացիոն և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Նախորդ ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցված ջերմատան համար ստեղծվել է 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել ևս 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.56 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78 մլն դրամ:

«Արփիմեդ» ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցել նոր արտադրական տարածքներ, իսկ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 173 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. աշխատատեղերի թիվը հասցնել 225-ի՝ 230-260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.59 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 80 մլն դրամ։

Կառավարությունն ընդունել է «Էներգաիմպէքս» ՓԲԸ լուծարելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ մինչ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի ուղղությամբ։ Շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ի հայտ են եկել խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք նոր պայմաններում կարողանում են արդյունավետ գործունեություն ծավալել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունն այլևս չի իրականացնում ՀՀ-ի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովման գործառույթ, ինչպես նաև ազատ մրցակցության տրամաբանությունից չի բխում, որ պետական հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող ընկերությունը մրցակցի մասնավոր ընկերությունների հետ, առաջացել է ընկերության լուծարման անհրաժեշտություն։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930