Լրահոս
Օրվա լրահոսը

Շագանակագեղձի քաղցկեղի «ցունամի» է կանխատեսվում․ որո՞նք են հիվանդության ռիսկի գործոնները

Ապրիլ 18,2024 09:30

Lancet ամսագրի՝ շագանակագեղձի քաղցկեղի հարցերով հանձնաժողովը վերջերս նախազգուշացրել է՝ մինչ 2040 թ․-ը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության «անխուսափելի» աճ է սպասվում, որի դեպքում ամբողջ աշխարհում այդ հիվանդության դեպքերը հասնելու են մինչև 2,9 միլիոնի, իսկ մահացությունն աճելու է 85%-ով։

Փարիզում ուրոլոգների հանդիպման ժամանակ հանձնաժողովը հայտարարել է, որ աճն արդեն իսկ սկսել է զգացվել բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Այս խնդիրը կարևորելով՝ հանձնաժողովի անդամներն ու բժիշկները քննարկել են սքրինինգային հետազոտությունների բարելավման հնարավորությունները տարբեր երկրներում՝ նշելով, որ անհրաժեշտ է նոր մոտեցումներ կիրառել ցածր ու միջին եկամուտ ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։ Առաջարկվել է ստեղծել ժամանակավոր կլինիկաներ, շարժական թեստավորման մեթոդներ ներդնել։

Բժիշկ-ճառագայթաբան Մելինե Նավասարդյանը, մեր նախորդ հարցազրույցներից մեկում անդրադառնալով նաև վերոհիշյալ խնդրին, նշել էր․ «Այսօր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տղամարդկանց խորհուրդ է տրվում 40-45 տարեկանից սկսած 3-5 տարին մեկ հաճախականությամբ անցնել հետևյալ հետազոտությունները՝ պրոստատ-սպեցիֆիկ հակածնի քանակը որոշող PSA թեստ, շագանակագեղձի ՈՒՁՀ, և ըստ անհրաժեշտության, վերջնական ախտորոշման համար՝ շագանակագեղձի ՄՌՏ հետազոտություն, ինչպես նաև բիոպսիա (կենսազննում)․ սրանք այն առանցքային միջոցառումներն են, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար»։

Որո՞նք են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման պատճառներն ու ռիսկի գործոնները

Շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի հիմնական գործոններից մեկը տարիքն է․ հիվանդությունն ավելի հաճախ է ախտորոշվում 65-ից բարձր տարիքի տղամարդկանց շրջանում,  բայց կարող է ախտահարել անգամ 30-40 տարեկան տղամարդկանց։

Շագանակագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող տղամարդիկ ևս ռիսկի գոտում են գտնվում։

Փորձագետները որպես հիվանդության զարգացման ռիսկի գործոն են նշում սննդակարգը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում այն երկրներում, որտեղ սննդակարգում գերակշռում են միսն ու կաթնամթերքը։

Սննդակարգն ու շագանակագեղձի քաղցկեղը միավորող հիմնական գործոնն, ըստ փորձագետների, հորմոնալ գործոնն է, քանի որ ճարպերը խթանում են տեստոստերոնի ու այլ հորմոնների արտադրությունը, իսկ տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է խթանել քաղցկեղի քնած բջիջների ակտիվությունը։

Որպես ռիսկի գործոն են նշվում նաև մասնագիտական գործունեության մի քանի տեսակները, որոնց դեպքում տղամարդիկ հաճախ ենթարկվում են կադմիումի ազդեցությանը, օրինակ՝ ռիսկի գոտում են գտնվում մարտկոցների, ռետինի գործարանում աշխատողները, զոդող բանվորները և այլն։

Շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկի այլ գործոններն են՝ հասակը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ծխելը, աֆրոամերիկյան ռասային պատկանելիությունը և այլն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտանշանները

Շագանակագեղձի քաղցկեղը վաղ շրջանում, ցավոք, ախտանշաններ չի դրսևորում և տարիներով կարող է չանհանգստացնել մարդուն, ահա թե ինչու է կարևոր շագանակագեղձը կանոնավոր ստուգելը։

Եթե ուռուցքը, մեծանալով, շագանակագեղձի այտուց է առաջացնում կամ սկսում է տարածվել  շագանակագեղձի սահմաններից դուրս, կարող են առաջանալ հետևյալ ախտանշանները՝

  • Միզելու հետ կապված դժվարություններ,
  • մեզի թույլ կամ ընդհատվող հոսք,
  • անմիզապահություն, օրինակ, ծիծաղելիս կամ հազալիս,
  • կանգնած միզելու անհնարինություն,
  • ցավ ու այրոց միզելիս,
  • ցավ կամ այրոց սերմնաժայթքման ժամանակ,
  • ավելի քիչ հեղուկ սերմնաժայթքման ժամանակ,
  • արյան հետքեր մեզի կամ սերմնահեղուկի մեջ,
  • ցավ կամ ճնշում ուղիղ աղիքում,
  • ցավ ու կաշկանդվածություն գոտկատեղի, կոնքի, ազդրերի շրջանում,
  • էրեկցիայի հետ կապված խնդիրներ։

Այս ամենը իրականում ոչ թե բուն քաղցկեղի, այլ դրա հետևանքով շագանակագեղձի արգելափակման պատճառով առաջացած ախտանշաններն են։

Ավելի ուշ փուլերում կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝

  • բութ, խորը ցավ կամ կաշկանդվածություն կոնքի, գոտկատեղի, ազդրերի ու այդ հատվածների ոսկրերի շրջանում,
  • քաշի և ախորժակի կորուստ,
  • հոգնածություն,
  • սրտխառնոց ու փսխում,
  • ստորին վերջույթների այտուց,
  • ստորին վերջույթների թուլություն կամ պարալիզ, որը հաճախ փորկապությամբ է ուղեկցվում,
  • աղիների հետ կապված խնդիրներ։

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները շատ տարբեր են և, կախված կոնկրետ վիճակից, կարող են կիրառվել ակտիվ հսկման մեթոդը, վիրահատությունը, ճառագայթային, հորմոնալ թերապիան, քիմիաթերապիան, իմունոթերապիան։

Իհարկե, այս հիվանդությունը ևս մեկ մարտահրավեր է, սակայն այն նույնպես դատավճիռ չէ, և ժամանակին ախտորոշումն ու ադեկվատ բուժումը նշանակալիորեն մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղ ունեցող մարդու՝ երկար տարիներ լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930