«Դրանք քաղաքական ենթատեքստ ունեցող կալանավորումներ են եւ ենթակա են բողոքարկման»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թեւոսյանի կալանավորմանը, ինչպես նաեւ Արցախի համայնքապետերի նկատմամբ քրեական վարույթների հարուցմանը եւ նրանց կալանավորմանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թեւոսյանը կալանավորվել է մեկ ամսով։ Նարեկ Թեւոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում հրապարակվել է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն, որտեղ նրանք զրուցում են կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. մայիս ամսին Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդը «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, անհնազանդության ակցիաներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Նրա կազմակերպմամբ 2024թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարվել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովվել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին»:
Քննչական կոմիտեն ավելի վաղ նաեւ ձայնագրություն էր հրապարակել, որը Հանրային հեռուստաընկերությունը երեկ հրապարակել էր վերնագրով՝ «2200 դրամ են տվել, որ կյանքումս 40 հազարից պակասի համար գնացած չկամ. ՔԿ ձայնագրություն»: Ձայնագրության մեջ մի տղամարդ ասում է՝ «Պատկերացնում ը՞ս, երեգի 2200 դրամ ըմ տվալ, մին վըննաման ինք կալալ, վեր կյանքում 40 հըզարա պակաս վըննաման կեցած չում»:
Թարգմանությունն է՝ «Կպատկերացնե՞ս, երեկ 2200 դրամ եմ տվել ու կոշիկ գնել, որ կյանքում 40 հազարից պակաս արժեցող կոշիկ հագած չկամ»։ Եվ այս տեքստը Հանրայինը թարգմանել է ՝ «2200 դրամ են տվել, որ կյանքումս 40 հազարից պակասի համար գնացած չկամ»:
Ավելի ուշ Հանրային հեռուստատեսությունը ներողություն է խնդրել սխալ տեղեկատվության համար։
«Անձի բարբառային խոսքն առանց վերլուծելու անձին կալանավորելը կամ համայնքի ղեկավարներին կալանավորելը մեկ նպատակ ունի, որպեսզի հանրահավաքի դուրս եկող մարդկանց քանակը նվազեցվի, եւ մարդկանց մեջ վախի մթնոլորտ ձեւավորվի»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ որպես փաստաբան՝ իր իրավական գնահատականն այս դեպքերին հետեւյալն է․ «Ես դրանք համարում եմ ապօրինի որոշումներ։ Կալանքի որոշումները ենթակա են բողոքարկման, ամենայն հավանականությամբ գործող պաշտպանները կբողոքարկեն։ Առաջինը՝ այդ անձինք ՀՀ քաղաքացիներ չեն հանդիսանում, ըստ ՀՀ իշխանությունների՝ քաղաքացիություն չունեցող անձինք են։ Իսկ քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ նման մոտեցումը, նամանավանդ այն գույքերի հետ կապված, որոնք Արցախի Հանրապետությունից ՀՀ են բերվել, անթույլատրելի է, որովհետեւ որեւէ իրավական հիմքով ու ընթացակարգով նման բան նախատեսված չէ։ Հարց է ծագում, եթե, օրինակ, Արցախի համայնքների ղեկավարներն ամիսներ առաջ որեւէ խախտում են կատարել, ինչո՞ւ երեք համայնքների ղեկավարների հենց հիմա երկու-երեք օրվա մեջ ձերբակալեցին, այնուհետեւ խափանման միջոցներ կիրառեցին։ Սա արդյոք չի խոսո՞ւմ այն մասին, որ դա զուտ պահի թելադրանքով էր պայմանավորված»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։
Ֆեյսբուքի եթերում փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Նարեկ Թեւոսյանի կալանավորմանը, ասել է․ «Միջազգային կառույցների, նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը պետք է հրավիրել, թե ինչպիսի Գեբելսյան բացահայտ քարոզչություն է իրականացվում։ Ի՞նչ է ասում մարդն իրականում, ասում է՝ 2200 դրամանոց կոշիկ եմ հիմա հագնում, այն դեպքում, երբ առաջ 40 հազար դրամից պակաս կոշիկ չեմ հագել։ Իսկ Հ1-ը, Գեբելսյան քարոզչություն իրականացնելով, ասում է, թե իբր 2200 դրամ գումար եմ վերցրել, այն դեպքում, երբ 40 հազարից պակաս չեմ վերցրել։ Ուրեմն արցախյան բարբառը հասկացող չկա՞, շատ լավ էլ հասկանում են, բայց Գեբելսյան քարոզչություն են անում, որպեսզի 3 երեխա ունեցող մարդուն փակեն։ Արցախից փախստական ընտանիք է, երեք եղբայրներով ապրում են փոքր բնակարանում։ Այս այլանդակությանը, ստին ու կեղծիքին պետք է վերջ տալ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































