«Մենք դժվար հարևաններ ենք ունեցել մեր պատմության ընթացքում՝ Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա։ Այսպիսի հարևաններ ունենալը ամենահեշտը չէր, բայց այսօր մենք համերաշխության ու խաղաղության մեջ ենք ապրում և ընդհանուր նախագծեր ունենք։ Իմ մեծագույն երազանքն է ՀՀ-ի համար, որ երիտասարդներն այնպիսի իրավիճակում ապրեն, որտեղ վախ չկա հարևանի վարքագծից»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։
Հարցին՝ վիզաների ազատականացման հարցում եվրոպական համայնքն ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ից, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Սա ճանապարհ է, որը երկուստեք ենք անցնելու։ Ասել, որ մուտքի արտոնագրերի ազատականացումն ամեն ինչ կփոխի, սխալ է, բայց սա խորհրդանշական բան է․ ավելի հեշտ կլինի մի երկրից մյուսը գնալը, ավելի քիչ ծախսատար կլինի։ Սա քայլ է, որ ավելի սերտ հարաբերություններ հիմնենք։ Դա ժողովրդի համար է։ Տնտեսությունը, բիզնեսը կարևոր է, բայց մարդկանց համար է կարևոր, որ իմանան՝ ավելի ենք մոտենալու Եվրամիությանը։ ԵՄ-ն միայն թվերի մասին չէ, այլ մարդկանց։ Մենք ժողովուրդներին ենք մտերմացնում, և կարևոր է երկու կողմի համար էլ՝ մասնավորապես ասելու հայ ժողովրդին՝ բարի համեցեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































