Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Իրավական այս «беспредел»-ի պայմաններում դատախազի կողմից այլ բան չէի սպասում: Դատախազն, ըստ էության, եկել էր ասելու, որ ինքը օրենքից դուրս է, օրենքից վեր է»

Դեկտեմբեր 12,2024 22:15 Share

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ Սուրեն Աբովյանի եւ Արեւհատ Հովհաննիսյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ Արմավիր ՔԿՀ-ից Սուրեն Աբովյանին դատարան բերելը ձգձգվել էր ուղեկցող անձնակազմի ծանրաբեռնվածության եւ խցանումների պատճառով:

Դատախազության ներկայացուցիչ Նարեկ Մովսիսյանը հանդես եկավ մեղադրական ճառով եւ միջնորդեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների մի քանի դրվագներով:

Նա, մասնավորապես, միջնորդեց՝ Մամիկոն Ասլանյանին ճանաչել մեղավոր եւ պատիժները մասնակիորեն գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 6 ամիս եւ պատժի ժամկետից հաշվակցել արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Սուրեն Աբովյանին՝ պատիժները մասնակիորեն գումարելով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արեւհատ Հովհաննիսյանի համար պատիժ սահմանել ազատազրկում 3 տարի ժամկետով:

Պաշտպանական կողմի փաստաբանները դատարանից խնդրեցին տրամադրել մեղադրողի ճառի ձայնագրությունը կամ գրավոր տարբերակը եւ տրամադրել ողջամիտ ժամանակ՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: Իսկ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը նաեւ արձանագրեց, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է, որ լսում է, թե ինչպես կարելի է  դատարանում տրված ցուցմունքները այդ աստիճան նենգափոխել:

Դատական նիստը հետաձգվեց եւ հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին:

Նիստի ավարտին Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ին ասաց, որ այս դատական գործընթացը ձգձգվում է արդեն 3 տարի, իսկ բուն դատը՝ 2 տարի, 6 ամիս: «Ճիշտն ասած, իրավական այս «беспредел»-ի պայմաններում դատախազի կողմից այլ բան չէի սպասում, որովհետեւ որեւէ ապացույց, որն ինքը ըստ իրեն ներկայացրեց, նախ, իրականության հետ որեւէ առնչություն չուներ, երկրորդը՝ դատաքննության ընթացքի հետ որեւէ աղերս չուներ:

Եվ այն, ինչ տեղի է ունենում, այս քննչական գործողություններից սկսած մինչեւ հիմա, դրանց իրավական գնահատական տալը շատ դժվար է, որովհետեւ իրավական որեւէ սահմանում, նույնիսկ որակումների առումով որեւէ համապատասխանություն գործող օրենքների հետ գոյություն չունի: Այսինքն, դատախազն, ըստ էության, ուղղակի եկել էր ասելու, որ ինքը օրենքից դուրս է, օրենքից վեր է, որովհետեւ ինքը կամայականորեն ցանկանում է այսինչ մարդուն այսքան դատապարտել եւ այլն, եւ այլն: Ես իրավաբան լինելով՝ որեւէ որակում տալ դժվարանում եմ»,-ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031