«Երկու շաբաթ է անցել առաջին ընթերցումից հետո։ Կուզեի իմանալ՝ այս նախաձեռնությունն ի՞նչ արձագանք է ստացել, կա՞ արդյոք որևէ ֆորմալ արտահայտված ցանկություն ՀՀ-ի հետ այս օրենքի ընդունելուց հետո սկսել անդամակցության վերաբերյալ որևէ գործընթաց»,- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն արձագանքեց․ «Ոչ միայն այս երկու շաբաթվա ընթացքում, այլև հանձնաժողովի առաջին նիստից մինչև ԱԺ լսումներ ընկած ժամանակահատվածում ունենք արձագանքներ ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև այնպիսի ծրագրեր, որոնք ներկայացված են եղել դրամաշնորհների համար և մերժված են եղել, իրենց նախաձեռնությամբ առաջարկ է եղել նորից ներկայացնելու այդ ծրագրերը և օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանացնել»։
Կարդացեք նաև
Արմեն Գևորգյանը կրկնեց՝ հարցը հստակ ձևակերպեցի՝ արդյոք եվրոպական պաշտոնական կառույցից՝ ԵՀ-ի կողմից եղե՞լ է արձագանք այս նախաձեռնությունից հետո և որևէ մեկը հայտնե՞լ է պատրաստակամություն օրենքն ընդունելուց հետո սկսել անդամակցության վերաբերյալ բանակցություններ․ «Այն, որ տարբեր կառույցներից տարբեր պատգամավորներ տարբեր հակասական արձագանքներ են տվել, ես դրա մասին տեղյակ եմ, բայց ես ուզում եմ իմանալ՝ օրենքի առաջին ընթերցումից հետո այն կառույցից, որը պատասխանատվություն է կրում բանակցություններ նախաձեռնելու, վարելու ընթացքն ապահովելու համար, որևէ արձագանք կա՞ այս փաստաթղթի ընդունելուց հետո գործընթաց նախաձեռնելու ու սկսելու համար։ Ես ինչքան հասկացա՝ նման արձագանք չկա։ Ես նման արձագանք չեմ լսել՝ անկախ նրանից, թե Մյունխենում ինչ է քննարկվել»։
Արմեն Գևորգյանը նաև հարցրեց՝ արդյոք այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա՞, որ ՀՀ-ն ինչ-որ ձևով դիվերսիֆիկացնի իր անվտանգային միջավարը և անվտանգության հետ կապված մարտահրավերները, արդյոք մեր անվտանգային միջավայրը կարո՞ղ է շահել այս օրենքի ընդունումից հետո:
Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Մենք ամրապնդում ենք մեր համոզմունքը, որ ՀՀ-ի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման ընթացքում, և եթե այս գործընթացը մենք ավարտած լինեինք համապետական հանրաքվեի նշանակմամբ՝ սեպտեմբերին, ապա շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք։ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը եվրոպական կառույցների ժողովրդավարական ինստիտուտներն են և հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ապահովում են իրենց ժողովրդավարական ազատությունն ու իրավունքները, ինչը չկա որևէ այլ կառույցում՝ բացառությամբ ԵԽ-ն և այն կառույցը, որին ձգտում ենք անդամակցել»։
Նշենք, որ հանձնաժողովի նիստի ընդմիջումից հետո որոշվեց օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարեց․ «Մենք իրավական տեխնիկայի վերաբերյալ մի քանի հարց ունեինք քննարկելու։ Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայի, օրենքի նախագիծն ընդունելու համար առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել։ Քննարկել ևս մեկ անգամ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստով դիտարկելու համար։ Այս քառօրյային մենք այլևս չենք հասցնի տեխնիկապես էլ նախագիծն ընդգրկել այս քառօրյայի օրակարգում, քանի որ պիտի դա անեինք մինչև այսօր՝ ժամը 12․00-ն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































