«Ռուբեն Վարդանյանը գնաց ծայրահեղ քայլի. հացադուլ հայտարարելուց հետո և′ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակում, և′ հանրության մոտ այդ մոտ երկու շաբաթը դա դարձավ թիվ մեկ քաղաքական, մեդիա օրակարգ։ Այս ուղղությունը պետք է պահենք»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա հորդորեց քաղաքացիներին անընդհատ խոսել հայ գերիների մասին, հիշեցնել այդ մասին․ «Առնվազն սոցցանցերում օրը մեկ անգամ գրառում արեք այդ մարդկանց մասին․ առնվազն նրանց նկարները։ Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ֆեյսբուքում և Տիկտոկում են իրենց օրն անցկացնում։ Դրա համար անընդհատ սոցցանցերը ողողեք այդ մարդկանց նկարներով, որ նրանք էլ տեսնեն։ Ռուբեն Վարդանյանի ծայրահեղ քայլի գնալուց հետո հիշո՞ւմ եք՝ միջազգային հանրության մոտ էլ մի փոքր տեղաշարժ եղավ։ Մենք պետք է շարունակենք այս պայքարը։ Ինչքան էլ Ալիևը բռնապետ է, բայց ճնշումների դեպքում նա որոշակի զիջումների գնալու է»։
Մեսրոպ Առաքելյանը փաստեց՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկությունը և ընդհանրապես մեր հայրենակիցների՝ Բաքվի բանտում գտնվելը մեծ ողբերգություն է։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ հայ գերիների հարցով վարվող քաղաքականությանը՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Առնվազն գերիների առկայության դեպքում այս մեկուկես տարվա՝ ՀՀ իշխանությունների վարքագիծը խոսում է այն մասին, որ այս մարդիկ որևէ մոտիվացիա չունեն գերիների վերադարձի հետ կապված, որովհետև շատ հաճախ իրենց հայտարարություններով և գործողություններով վնասում են գերիների վերադարձին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները նաև դարձան Բաքվում դատախազության կողմից հարցաքննման նյութ։ Նիկոլ Փաշինյանը գործ էր տալիս, որ Ադրբեջանում հարցաքննեն, թե Ռուբեն Վարդանյանին ով է վերադարձրել։ Մյուս կողմից էլ, որ անընդհատ ասում են, թե լուրջ զբաղվում ենք գերիների հարցով, բայց այդ աշխատանքը հրապարակային չէ, տեսականորեն ենթադրենք, որ այդպես է, բայց դրա արդյունքն ո՞ւր է։ Որ գնում, միջազգային հանրության հետ գաղտնի բանակցում ես, ինչո՞ւ միջազգային հանրությունը չի խոսում դրա մասին, ճնշում չի գործադրում, պատժամիջոցներ չի կիրառում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար այս հարցը փակ է։ Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մնացած կետերը երկկողմանի են՝ սահմանազատում, ճանապարհների բացում, որտեղ միջազգային հանրությունն ասում է՝ իրար հետ եկեք համաձայնենք, գերիների հարցը միակողմանի է։ Մենք ադրբեջանցի գերիներ չունենք ՀՀ-ում։ Ուստի հայ գերիների հարցը ոչ միայն հայ-ադրբեջանական խնդիր է, այլև միջազգային նորմերի խախտում է, որտեղ միջազգային հանրությունը մեծ գործ ունի անելու։ Իսկ միջազգային հանրությունը պետք է առաջին հերթին ՀՀ իշխանություններից ստանա այդ պահանջը։ Բայց մարդիկ մեզ էլ հրապարակային ու ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ ուղղակի և անուղղակի հասկացնում են, որ եթե ձեր իշխանությունը ձեր քաղաքացիների մասին չի մտածում, մեզնից ի՞նչ եք պահանջում։ Բազմիցս ասել ենք»։
Կարդացեք նաև
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ գերիների հարցը ոչ թե պետք է դառնա խաղաղության պայմանագրի մաս, այլ լինի նախապայման․ «Եթե անունը դրել ենք խաղաղության պայմանագիր, հետո էլ անունը դարձավ խաղաղության համաձայնագիր, դա նման է, որ մեկը գերի վերցնի քո ընտանիքի անդամներից մեկին՝ զենքը գլխին պահի, ու դու այդ վիճակում սկսես այլ թեմա խոսել՝ քննարկես բիզնես հարցեր և այլն։ Այս հարցը ոչ թե պիտի դառնա պայմանագրի մաս, այլ նախապայման»։
Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության ակտիվությունը քաղաքական գործընթացներում մեղմ ասած՝ Նիկոլ Փաշինյանի համար հաճելի չէ․ «Արցախի նախկին իշխանության ներկայությունն այստեղ՝ նաև նրանց անձնական հեղինակությամբ պայմանավորված՝ հնարավորություն կտար առաջնորդել արցախցիների շահերի պաշտպանությունը։ Այս տեսանկյունից Արցախի հետ կապված ցանկացած երևույթից, գործընթացից, անձանցից Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռու մնալ։ Օր առաջ նրանց վերադարձը ոչ միայն քաղաքական առումով է վնասելու Նիկոլ Փաշինյանին, այլև այդ մարդիկ շատ բաներ կգան ու կպատմեն»։
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ ստորացուցիչ է այն, որ մեր քաղաքացիները Բաքվի բանտում են, և մենք փոխանակ պայքարենք Բաքվի իշխանությունների դեմ, գնում, բողոքում ենք ՀՀ կառավարության դեմ, պահանջում, որ նա իր քաղաքացիներին պաշտպանի․ «Մինչդեռ ՀՀ կառավարությունը պետք է այդ ակցիաներն ինքը կազմակերպի սփյուռքում, միջազգային դերակատարների մոտ։ Միջազգային հանրության մոտ մենք նաև նվաստանում ենք, թե ձեր իշխանությունն ինչպես է վերաբերվում իր քաղաքացիների հարցին, բայց մյուս կողմից միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանը չէ․ հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդը գոնե գերիների հարցով պետք է ցույց տա, որ մենք պատասխանատու ենք այս մարդկանց համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































