Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարաքարում մեր թեկնածուի եղբորն ու ընկերներին արդեն մեկ-մեկուկես ամիս է կալանավորել են»․ Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 04,2025 18:50 Share

«Բավականին ակտիվ ենք մարզերում։ Մեզ համար հաջորդ կարևոր կետը խորհրդարանական ընտրություններն են»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա փաստեց՝ քաղաքական դաշտում երկու թեզ է տարածվել՝ ուղղված հասարակությանը, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն անել, եկեք գնանք փողոցային պայքարի․ «Չհերքելով ու չթերագնահատելով այդ պայքարը՝ ցավոք, պետք է արձանագրենք, որ չկա հանգուցալուծում։ Դրա շրջանակներում կարևոր է արձանագրել նաև երկրորդ արդյունավետ ճանապարհը՝ ընտրություններով իշխանափոխությունը։ Առնվազն այս պահին, եթե ֆորս մաժորներ չլինեն, պրոցեսները գնում են դեպի հերթական ընտրություններ։ Լավ կլինի՝ սխալվենք, և արտահերթ բան լինի, քանի որ այս իշխանության մնալու յուրաքանչյուր օրը վնասում է ՀՀ-ին։

Բայց հասարակության հետ պետք է անկեղծ լինել։ Ամեն անգամ հասարակությանը տրամադրել՝ բան չմնաց, մեկ շաբաթից, մեկ ամսից իշխանափոխություն է լինելու, այդ չեղած իշխանափոխությունը բերում է նոր հիասթափության, և հաջորդ պրոցեսին մարդիկ հետ են քաշվում ու ընտրության չեն գնում։ Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ ընտրություններով անհնար է ՔՊ-ին հաղթել, ցավոք, ամենաառաջինն են վազում ընտրությունների մասնակցելու։ Այսինքն՝ հասարակությանը հիասթափեցնում են, մարդկանց հետ են տանում ընտրություններից, հետո գնում ընտրությունների։

Գոնե այս վերջին ընտրությունները պետք է քաղաքական դաշտի մոտ բերեն այն թեզը, որ ընտրություններով կարելի է հաղթել։ Բարդ է, բայց պետք է կպնենք, այդ գործն անենք։ Մարդկանց տներից պիտի հանենք, տանենք ընտրատեղամասեր։ Բարդ ճանապարհ է, բայց այլընտրանք չկա, այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին հանձնվելն է, ասել՝ դե լավ, իշխանությունը թողնում ենք քեզ։ Փարաքարում էլ լուրջ ճնշումներ կան։ Մեր թեկնածուի եղբորն ու ընկերներին արդեն մեկ-մեկուկես ամիս է կալանավորել են, անունը դրել են ինչ-որ խնդիրներ, բայց ընտրությունների հետ կապված է։ Բայց մեր թիմը մնաց ուժեղ, գնաց ընտրությունների։

Հետևաբար հիասթափվել, քանի որ կան ճնշումներ, քաղաքական գործիչների այդ հիասթափությունը տանում է քաղաքացիների մոտ հիասթափության։ Պատասխանատվություն պետք է ստանձնեն քաղաքական ուժերը, պետք է պայքարել, և այդ պայքարը հնարավոր է հասնի արդյունավետ հանգուցալուծման»։

Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ ընդդիմության միավորում, ցավոք, քիչ է հավանական․ «Ի՞նչ անել։ Մենք ավագանու ընտրությունների ժամանակ բոլոր ավագանիների անունից հայտարարել էինք, որ ավագանի անցնելուց հետո որևէ ձևով ՔՊ-ին չենք աջակցելու։ Եթե բոլոր քաղաքական ուժերը դա անեն ԱԺ ընտրություններից առաջ, դա օգուտ կտա։ Ընդդիմադիր ուժերը պետք է գործեն՝ իրար չվնասելով։ Տեսնում ենք, որ փոքր անձնական հավակնությունները կարող են վնասել քաղաքական գործընթացին և հիասթափեցնել հասարակությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930