Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը նշեց, որ իրենք քիչ են խոսում կատարvած աշխատանքների մասին, սակայն դրանք փոքր ծավալի աշխատանքներ չեն, բայց միեւնույն ժամանակ դրանք դժվար է համեմատել տասնամյակների ընթացքում արված աշխատանքների հետ:
«Վստահաբար այդ ծավալի աշխատանքների մեջ լինում են նաեւ խնդրահարույց հարցեր, օրինակ, ունենք մեկ-երկու մանկապարտեզներ, այգիներ մեկ-երկու հատ, որտեղ դժվար է պրոցեսը գնում, բայց այնուամենայնիվ, երբ դրականի մասին շատ չենք խոսում, անընդհատ չենք թմբկահարում՝ միգուցե սխալ համեստությունից ելնելով, դրա համար գնում են, ասֆալտն են սկսում քերել ճկույթներով, մի տեղ, որտեղ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը չի ընդունել: Ու դա է տիկտոկյան հիթը դառնում»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Այնուհետեւ հավելեց. «Վատ լուրերը միշտ մարդկանց ուշադրությունը ավելի են գրավում, դրանում չէ հարցը, բայց մեր պարտականություն է, որ այն, ինչ անում ենք պատշաճ ներկայացնենք երեւանցիներին: Ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, այս երեք տարվա ընթացքում քաղաքապետարանի եռամյա աշխատանքների ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարվա ծավալների հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 3-ին շաբաթօրյակի էր մասնակցում մի տարածքում, որտեղ «Բռնությունն արդարացում չունի» գրաֆիտի կար:


















































