Մայիսի 3-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, երբ ընտրում էին երկու փոխքաղաքապետերի, լրագրողների ուշադրությունը սևեռվեց այն փաստին, որ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ նիստը վարում էր Գյումրու նախորդ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Նա Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, սակայն այդ ուժն անցողիկ շեմը չհաղթահարեց։
Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում Կարեն Մալխասյանի թեկնածությունն առաջադրելը պարզաբանեց հետևյալ կերպ․ «Հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն, հարգալից է պահում իրեն: Կարևոր պաշտոններից մեկը տվել ենք իրեն»:
Նկատենք, որ Կարեն Մալխասյանը Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամներից էր․ նա աչքի է ընկնում իր հավասարակշռված, անաչառ պահվածքով ու առողջ քննադատություններով։ Նկատելի էր, որ նրա համար առաջնայինը համայնքի շահերն էին։
Կարդացեք նաև
Նկատենք նաև, որ նաև Գյումրու քաղաքապետի ամենահամեստ թեկնածուն էր․ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրից երևում էր, որ ո՛չ թանկարժեք գույք ունի, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ եկամուտներ, ընդամենը մեկ բնակելի տուն ունի՝ Աբովյան փողոցում՝ 320 քառակուսի մետր մակերեսով։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 միլիոն 825 հազար դրամ։
Կարեն Մալխասյանը 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































