Լույս է տեսել «Դատական իշխանություն» ամսագրի այս տարվա անդրանիկ համարը: Այն ընդգրկում է հունվար-մարտ ամիսները: Այնտեղ կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Բայանդուրյանի «Վերականգնող կամ հաշտեցնող արդարադատությունը՝ որպես դատական իշխանության իրականացման նոր տիպ», ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ Հերբերտ Հարությունյանի «Իրավագիտակցության եւ քաղաքական գիտակցության փոխհարաբերակցության հիմնախնդիրները», Իրավաբանական գիտությունների թեկնածո Արա Զոհրաբյանի «Աշխատանքային վեճերի քննության դատավարական առանձնահատկությունները», ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Հենրիկ Խունդկարյանի «Հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի ենթակայությունը», ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Արման Բաբախանյանի «Գողական աշխարհի ղեկավար կազմի դեմ քրեաիրավական պայքարի որոշ հիմնահարցեր» եւ այլ ուշագրավ ուսումնասիություններին, մասնագիտական հոդվածներին:
«Առավոտը» ներկայացնում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ, դասախոս ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ անչափ ուշագրավ հրապարակումից մի հատված՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքների արդի հիմնախնդիրների հետազոտման համատեքստում հետազոտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում Քրեական օրենսգրքի՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը» վերտառությամբ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի ուսումնասիրումը։ Քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որն օրենքով սահմանված կարգով համագործակցել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ` հանցագործությունը բացահայտելուն, կանխելուն կամ ապացույցներ ձեռք բերելուն աջակցելու նպատակով տրված հանձնարարության սահմաններում, եթե այդ նպատակին հասնելու համար վնաս պատճառելու հետ չկապված միջոցները բացակայել են»։
Այս հանգամանքն իր կարգավորման առարկայով ամենամոտն է օպերատիվ-հետախուզական գործունեության քրեաիրավական ապահովմանը, ինչի միջոցով Օրենսդիրն իր հստակ վերաբերմունքն է արտահայտել օպերատիվ-հետախուզական գործունեության քրեաիրավական կարգավորման կարեւորությանը։ Ընդ որում, Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն եւս՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք ազատվում են հանցագործության համար քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով: Քննարկվող հանգամանքը համապարփակ կարգավորման չի ենթարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումեր իրականացնելիս ՕՀԳ իրականացնող անձանց կողմից քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու հետ կապված հարցերը՝ սահմանափակվելով միայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու դեպքերը կարգավորելով։
Կարդացեք նաև
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ ՀՀ դատական պրակտիկայի ուսումասիրությունը ցույց է տալիս, որ դատարանները երբեւէ քննարկման առարկա չեն դարձրել եւ չեն դարձնում ՕՀԳ իրականացնող անձանց՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած վարքագիծը։ Այսպես, 2010 թվականի ապրիլի 7-ի N… քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանության հետ համագործակցող, գործով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող Կ.Հ.-ն, ամբաստանյալներ Ռ.Ա.-ն եւ Ա.Ք.-ն Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի մոտ հանդիպել են «Էդիկ» անունով ներկայացած գնորդ` վերահսկելի գնում իրականացնող, ՀՀ ոստիկանության բաժնի պետ, գործով վկա Պ.Ս.-ին, որը, իբրեւ 500 գրամ թմրամիջոց ձեռք բերելու համար, իր ավտոմեքենայի մեջ Ա.Ք.-ին է փոխանցել քիմիական մշակման ենթարկված 3.500.000 ՀՀ դրամ գումարը։ Ա.Ք.-ն, նշված գումարից առանձնացնելով ու պահելով 1.000.000 ՀՀ դրամը, իջել է մեքենայից եւ, նստելով քիչ այն կողմ կանգնած վկա Կ.Հ.-ի ավտոմեքենան, մնացած 2.500.000 ՀՀ դրամը տվել է մեքենայում սպասող Ռ.Ա.-ին։ Գումարը հաշվելուց հետո վերջինս այն դրել է Կ.Հ.-ի ավտոմեքենայի պահախցիկը, ապա զանգահարել է գործով վկա, իր ծանոթ Լ.Ե.-ին ու խնդրել, որ վերջինս բերի եւ կինոթատրոնի մոտ իրեն տա նրա տանը պահվող փաթեթը։ Վկա Լ.Ե.-ն առանց տեղյակ լինելու փաթեթի պարունակության մասին եւ Ռ.Ա.-ի խոսքերից իմանալով, թե դրանում մեքենայի յուղ է, մոտ 15 րոպե անց բերել եւ Կ.Հ.-ի մեքենայում սպասող ամբաստանյալ Ռ.Ա.-ին է տվել առանձնապես խոշոր չափերի` 402.7 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը։ Ամբաստանյալ Ա.Ք.-ն, Ռ.Ա.-ից վերցնելով նշված թմրամիջոցը եւ նստելով որպես գնորդ ներկայացած «Էդիկ» անունով ոստիկանության աշխատակից Պ.Ս.-ի ավտոմեքենան, թմրամիջոցն ապօրինի իրացրել է նրան։
Դատարանը գործի քննության արդյունքներով Ռ.Ա.-ին եւ Ա.Ք.-ին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու համար (ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։ Սակայն որեւէ կերպով չի անդրադարձել ՕՀԳ իրականացնող մարմի հետ համագործակցող Կ.Հ.-ի եւ ՕՀԳ իրականացնող մարմի աշխատակից Պ.Ս.-ի արարքներին, մինչդեռ նրանց արարքներում եւս առկա են հանցակազմի հատկանիշներ, թեեւ ակնհայտ է, որ նրանց արարքները եղել են իրավաչափ եւ հետապնդել են հանրորեն օգտակար նպատակ։ Մասնավորապես՝ Կ.Հ.-ի արարքում առկա է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հանցակազմը (ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), իսկ Պ.Ս.-ի արարքում՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցակազմը (ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մաս)։
2010 թվականի օգոստոսի 3-ի քրեական գործերից մեկի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «վերահսկելի գնում» ՕՀՄ շրջանակում, ըստ դատարանի արձանագրման՝ «նշված օպերատիվ հետախուզական գործողությանը ներգրավվել է համապատասխան օպերատիվ աշխատակից», որը Լ.Տ.-ին տվել է 10,000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս ստանալով նշված 10,000 ԱՄՆ դոլար գումարը, հանցակիցներ Ա.Ա.-ից եւ Մ.Խ.-ից ստանալով շուրջ 3100 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը, այն հանձնել Է օպերատիվ աշխատակցին եւ այդ պահին կազմակերպվել է վերջիններիս վնասազերծումը: Բերման ենթարկելուց հետո, Լ.Տ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10,000 ԱՄՆ դոլարը, իսկ նրա ձեռքերի մատների եւ մասամբ ափերի վրա՝ դեղնականաչավուն լուսարձակող նյութը, որով մշակվել էր գումարը: Սույն քրեական գործի ուսումնասիրությունից նույնպես պարզ է, որ օպերատիվ աշխատակցի արարքում եւս առկա է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցակազմը, մինչդեռ դատարանը այդ արարքին որեւէ կերպով չի անդրադարձել։
…Այլ պետությունների դատական պրակտիկայի ուսումնասիրությունը եւս ցույց է տալիս, որ դատարանները ՕՀԳ իրականացնող անձանց՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու դեպքում քրեական պատասխանատվության հարցի շուրջ չունեն միանշանակորեն եւ հետեւողականորեն ձեւավորված կայուն պրակտիկա։ ՌԴ Կաբարդինո-Բալկանյան Հանրապետության դատարանի 2018թ. փետրվարի 22-ի N 1–33/2018 քրեական գործով N 1-33/2018 1-362/2017 դատավճռում նշված է. «…կազմակերպված է եղել «Ալի» կեղծանվամբ հանդես եկած, իբր հանցավոր կառույցների ներկայացուցիչ հանդիսացած, «հասցե» տարածքում իր հանցավոր գործունեությունն իրականացրած, սակայն իրականում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացվող ՕՀՄ շրջանակում որպես գնորդ մասնակցած անձի օպերատիվ ներդրումը («Ալի» պայմանական գնորդ)»։ Ընդ որում, ՌԴ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՌԴ սուբյեկտների դատարանները բավական հաճախ են կիրառում «պայմանական գնորդ» ձեւակերպումը։ ՌԴ դատարանների կողմից հազվադեպ օգտագործվում է նաեւ «պայմանական կատարող» ձեւակերպումը։ Օրինակ՝ «օպերատիվ փորձարարություն» ՕՀՄ-ի կապակցությամբ Դաղստանի գերագույն դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի N 2-66/12 քրեական գործով դատավճռում 15 տեղ է գտել այսպիսի ձեւակերպում. «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ղեկավարության կողմից աշխատակցին … հանձնարարված է եղել հանդես գալ այդ սպանության պայմանական կատարողի դերում»։ Դատական պրակտիկայի ամփոփումը հիմք է տալիս պնդելու, որ դատարանները չեն անդրադառնում ՕՀԳ իրականացնող անձանց՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած արարքներին՝ դրանք առանց բավարար իրավական հիմքերի եւ հիմնավորումերի, կարծես թե, համարելով իրավաչափ կամ անտեսելով։ Մինչդեռ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած արարքները կարող են իրավաչափ համարվել Քրեական օրենսգրքով ամրագրված քրեական պատասխանատվությունը բացառող կիրառելի հանգամանքի առկայության պարագայում միայն։ Այսպիսով, «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը» վերտառությամբ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի բովանդակության ուսումնասիրումից պարզ է դառնում, որ այն կարգավորում է միայն համագործակցող անձանց՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին իրավաչափ վնաս պատճառելու դեպքում քրեական պատասխանատվության չենթարկելու հարցերը՝ դուրս թողնելով միեւնույն պայմաններում եւ հանգամանքներում գործող ՕՀԳ իրականացնող մարմինների աշխատակիցների՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին իրավաչափ վնաս պատճառելու պարագայում քրեական պատասխանատվության չենթարկելու դեպքերը։ Այլ խոսքերով՝ քննարկվող հանգամանքը, ուղղված լինելով օպերատիվ-հետախուզական գործունեության քրեաիրավական ապահովմանը, այն իրականացրել է մասնակի. համապարփակ կարգավորման չի ենթարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումեր իրականացնելիս ՕՀԳ իրականացնող անձանց կողմից քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու հետ կապված հարցերը՝ սահմանափակվելով միայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու դեպքերը կարգավորելով։
ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների պարագայում ստացվելու է այնպես, որ համագործակցող անձինք քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու դեպքում ենթակա չեն լինելու քրեական պատասխանատվության Քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի կարգավորումների ուժով՝ իրավաչափության համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Մինչդեռ իրավիճակն այլ է ՕՀԳ իրականացնող մարմինների աշխատակիցների կողմից քրեական օրենքով պաշտպանվող շահերին իրավաչափ վնաս պատճառելու դեպքում։ Այս դեպքում, կարծես թե, իրավակիրառողը կա՛մ պետք է «չնկատի», անտեսի ՕՀԳ իրականացնող մարմինների աշխատակիցների կողմից քրեական օրենքով պաշտպանվող շահերին պատճառված վնասը, կա՛մ պետք է ապավինի քրեական օրենսգրքի՝ «Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը» կամ «Մասնագիտական գործառույթների իրականացումը» վերտառությամբ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներից որեւէ մեկին։ Լուծման առաջին տարբերակը ոչ իրավաչափ է, ապօրինի։ Երկրորդ տարբերակը՝ անարդարացի՝ բազմաթիվ պատճառներով։ Միեւնույն հանգամանքներում եւ պայմաններում ՕՀՄ իրականացնելիս քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած ՕՀԳ իրականացնող անձանց նկատմամբ առանց ողջամտորեն բավարար հիմքերի դրսեւորված է տարբերակված մոտեցում։ Ընդ որում, ստացվել է այնպես, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս համագործակցող անձանց կողմից քրեական օրենքով պաշտպանվող շահերին պատճառվող վնասին իրավաչափության ավելի խիստ պայմաններ են ներկայացվել, քան ՕՀԳ իրականացնող մարմինների աշխատակիցներին, որոնք, սակայն, ավելի պրոֆեսիոնալ են: Այսպես, եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ ՕՀԳ մարմինների աշխատակիցների քրեական պատասխանատվության հարցը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու դեպքում լուծվելու է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջները կատարելու կամ մասնագիտական գործառույթները իրականացնելու վերաբերյալ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքով, ապա ստացվելու է այնպես, որ ՕՀԳ մարմինների աշխատակիցների՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերին պատճառված վնասի իրավաչափությունը որոշվելու է օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով, ինչն ավելի հավանական է, քանի որ ՀՀ գործող որեւէ օրենքում նշված անձանց կողմից պատճառված վնասի իրավաչափության վերաբերյալ կարգավորում չկա։ Մինչդեռ, իրենց մասնագիտական գիտելիքներով եւ կարողություններով ՕՀԳ մարմինների աշխատակիցներին զիջող համագործակցող անձանց կողմից ՕՀՄ իրականացնելիս քրեական օրենքով պաշտպանվող շահերին պատճառված վնասի իրավաչափությունը անհամեմատ խիստ պայմաններով որոշվելու է Քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով։
«Առավոտ» օրաթերթ
03.06.2025