ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ ո՞ւմ նկատի ունի, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ականների քաղաքական հավկուրությունն ու անհոգ ցինիզմն անբուժելի են:
Ինձ թվում էր, թե Բաբկեն Թունյանը մեջների խելացի ու պարկեշտներից է: Հուսով եմ, որ չեմ սխալվի: Սակայն այնպես է հեգնում իր ընդդիմադիր «գործընկերներին», կարծես Արցախը հանձնողը, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերողն ու տարածքներ զիջողն իր իշխանությունը չի եղել:
Տարածաշրջանն ու Հայաստանն իրոք, որ ցանկացած պահի կարող էին հայտնվել ռազմական թատերաբեմում: Մեծ բարեբախտություն է, որ այս փուլում հաջողվել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հասնել (ոչ թե խաղաղության): Հրադադարի պատճառներից մեկն էլ այն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էին հայտնվել ինչպես Բաբկենն է ասում՝ պատերազմից 5 պակաս վիճակում:
Կարդացեք նաև
Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը նման բան գրեր՝ կհասկանայի: Չեմ հասկանում Բաբկենի գրառման իմաստն ու ընդգծված ցինիզմը: Լավ է՝ չի ասում Նիկոլի ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել ռեգիոնալ աղետը»:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ: Հրթիռակոծությունները դադարել են, երկրները բացում են իրենց օդային տարածքները:
Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները և աշխարհաքաղաքական դարակազմիկ վերլուծություններ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անող փորձագետները:
Հուսանք, որ տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն, և երկրները հակամարտելու փոխարեն կսկսեն համագործակցել միմյանց հետ:
Սա, ի դեպ, ռոմանտիկայի ժանրից չէ»: