Հանրային ծառայությունների հանձնաժողովի հայտարարությունը՝ 2026 թվականին սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի կարծիքով, խնդրահարույց է։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա անդրադարձավ այդ հայտարարության խնդրահարույց ասպեկտներին՝ մանրամասնելով, որ էներգոհամակարգի ամբողջ բալանսը դրական եւ բացասական դրսեւորումներ ունի․ «Այսինքն, ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական կորուստներ, ինչ-որ կազմակերպություններ՝ ֆինանսական ձեռքբերումներ։ Հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են 0- 0․ իմ կարծիքով, նման բան չի լինում, մաթեմատիկական որեւէ հաշվարկով չի կարող լինել 0- 0»։
Դավիթ Ղազինյանը մի քանի հռետորական հարցեր ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին․ «2026 թվականին ատոմակայանին նախատեսվում է տրամադրել, որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12,7 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց։ Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, իսկ նախորդ տարի կանգնել էր 30-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Ես իմ կարծիքն ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց թող հանձնաժողովը պատասխանի՝ որտեղի՞ց։ Թող պատասխանի՝ Երեւանի ՋԷԿ-ի ու ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունները, որոնք պետք է այս տարի փակեին, ինչո՞ւ են հետաձգել։ Իսկ հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ի՞նչ են անելու։ Կա երկու տարբերակ՝ կամ պետությունը պետք սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը թանկանա»։
Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաեւ իշխանության՝ երկու ատոմակայան կառուցելու հայտարարություններին եւ նկատեց, որ 2026-ին նախատեսվում է նաեւ երեք միլիարդից ավել գումար տրամադրել արեւային կայանների բեռնաթափման համար եւ եզրակացրեց, որ երկու ատոմակայանը, ինչը իշխանությունները խոստանում էին, բաժանորդների համար խնդիր է ստեղծում, քանի որ պետք է փոխհատուցվի բաժանորդների հաշվին։ Խնդիրն, ըստ նրա, այն է, որ Երեւան-Իրան հոսքագիծը դեռ պատրաստ չէ, այլապես արեւային կայանների կուտակած էներգիան պետք է արտահանվեր Իրան։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ավելի ուշ, իր վերլուծություններում, Դավիթ Ղազինյանը հանգեց այն եզրակացության, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հաղթեն, էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































