Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ մոնիտորինգի ներքո․ ԵԽ Կոնգրեսի մոնիտորինգի առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրում է տեղական ժողովրդավարության վիճակը

Ապրիլ 15,2026 13:46 Share

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) պատվիրակությունը մոնիտորինգային այցով Հայաստանում է։

Տեղեկացնենք՝ ԵԽ Կոնգրեսը Հայաստանի մասին զեկույց էր ընդունել 2021-ին, որում կային մի շարք մտահոգություններ` կապված համայնքների սահմանափակ լիազորությունների հետ, ինչը թույլ չի տալիս նրանց կարգավորել և կառավարել իրենց պատասխանատվության ներքո գտնվող հարցերի, պատվիրակված լիազորություններն իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների ոչ համարժեք ֆինանսավորման խնդրի հետ։

Այցի նպատակն է գնահատել Հայաստանում Կոնգրեսի 2021 թվականի առաջարկությունների իրականացման առաջընթացը: Մասնավորապես, պատվիրակությունը կուսումնասիրի, թե արդյոք իշխանություններն ամրապնդել են տեղական ինքնակառավարումը՝ ապահովելով լիազորությունների արդյունավետ ապակենտրոնացում, տեղական իշխանությունների հետ արդյունավետ խորհրդակցություններ, մունիցիպալ լիազորությունների ավելի հստակ սահմանում իրականացվե՞լ է՝ սահմանափակ պետական ​​​​վերահսկողությամբ և մունիցիպալ մակարդակում աշխատանքային պայմանների բարելավմամբ։ Կոնգրեսի համազեկուցողները նաև կգնահատեն՝ արդյոք տեղական իշխանությունները հասանելիություն ունեն համարժեք և արդարացիորեն բաշխված ֆինանսական ռեսուրսների, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների համար և ավելի հավասարեցված համակարգի միջոցով:

Այցի ընթացքում զեկուցողները հանդիպումներ են ունենում Կոնգրեսում Հայաստանի ազգային պատվիրակության անդամների, տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների, անկախ փորձագետների, ավագանու անդամների, կառավարության, ԱԺ ներկայացուցիչների հետ և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ։

Aravot.am-ի հետ զրույցում Կոնգրեսի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսն (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա) նշեցին՝ մարդիկ ցանկանում են իրենց հետ զրուցել, իրենք էլ այստեղ են՝ որպես իրենց երկրներում ավագանու ընտրված անդամներ և մոնիտորինգային առաքելության անդամներ ոչ միայն լսելու, առաջարկություններ ներկայացնելու, այլ նրանցից սովորելու համար։

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանություններն ամրապնդե՞լ են տեղական ինքնակառավարումը՝ ապահովելով լիազորությունների արդյունավետ ապակենտրոնացում, Ջոնաթան Դենիսը պատասխանեց․ «Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Մենք դեռ այն փուլում ենք, երբ խոսում ենք մարդկանց հետ և նրանց կարծիքներն ու դիրքորոշումները լսում։ Երբ դրանք համադրենք, իրական պատկերը կստանանք։ Լսել ենք, որ օրենքում, Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել։ Մենք կհամադրենք մեր ստացած ողջ տեղեկատվությունը, կպատրաստենք զեկույցի նախագիծ, այնուհետև կներկայացնենք Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովին, որից հետո կքննարկվի Կոնգրեսում։ Դա երկարատև գործընթաց է։ Ես լավատես եմ, որ մենք կթարմացնենք 2021-ին ընդունված զեկույցը, քանի որ իրավիճակը փոխվել է»։

Փաստմանը՝ նախընտրական փուլում ՀՀ-ում տարբեր զարգացումներ են տեղի ունենում և հարցին՝ տեղական ժողովրդավարության տեսանկյունից ընդունելի՞ է այն, որ տարբեր համայնքի ղեկավարներ մասնակցում են եկեղեցու և հոգևորականների դեմ ՀՀ կառավարության ղեկավարի արշավին, Կոնգրեսի համազեկուցողը չցանկացավ դիրքորոշում հայտնել ու նշեց․ «Մենք դիտարկում ենք տեղական ժողովրդավարության վիճակը, տեղական ինքնորոշումը, արդյոք երկիրը կատարո՞ւմ է Խարտիայով ստանձնած իր հանձնառությունները։ Մեր աշխատանքն է այցելել ԵԽ անդամ երկիր, տեղում դիտարկել իրավիճակը, ներկայացնել մեր առաջարկները, տալ առաջարկություններ կառավարությանը»։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԵԽ Կոնգրեսի Հայաստանի հարցով համազեկուցող Կատրին Պարտիկայից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ցույց տալիս մոնիտորինգի արդյունքները՝ Հայաստանն այժմ ո՞ր փուլում է տեղական ժողովրդավարության տեսանկյունից։ Նա պատասխանեց․ «Մենք նախորդ անգամ Հայաստանում էինք 2019-ին և այժմ վերադարձել ենք տեսնելու՝ արդյոք իրավիճակը փոխվե՞լ է տեղական մակարդակում։ Հանդիպել ենք Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետին և ունեցել ենք այլ հանդիպումներ։ Հաճելի է հանդիպել տեղերում ընտրված պաշտոնյաներին, քանի որ մենք ևս տեղական մակարդակում ընտրված մարդիկ ենք։ Ուստի հետաքրքիր է իրարից սովորել և լսել, թե նրանք ինչ են պատմում ՀՀ-ում իրավիճակի մասին։ Տեղյակ ենք, որ շատ բարեփոխումներ են իրականացվում, և մեզ շատ հետաքրքիր է լսել ու սովորել։ Հայաստանը շատ ակտիվ է տեղական ժողովրդավարության ոլորտում, արդեն շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բարեփոխումները շարունակվում են, եղել է համայնքների միավորում, տեղական խորհուրդների լիազորությունների հարցով են քննարկումներ եղել։ Կարծում եմ՝ շատ բան է արվում ՀՀ-ում տեղական ժողովրդավարության տեսանկյունից, ինչը գովելի է»։

Հիշեցրինք, որ Կոնգրեսի նախորդ զեկույցում մի շարք խնդիրներ էին արձանագրվել՝ մասնավորապես համայնքների սահմանափակ լիազորությունների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ոչ համարժեք ֆինանսավորման մասին և փաստեցինք՝ այժմ էլ կարծիքներ կան, որ հատկապես նախընտրական փուլում կառավարությունը երբեմն օգտագործում է համայնքներին տրվող սուբվենցիաները՝ որպես վարչական լծակ և խնդրեցինք գնահատել այս առումով իրավիճակը։

Կոնգրեսի համազեկուցողը պատասխանեց․ «Դեռ վաղ է ասել, թե մենք ինչ ենք մտածում այդ մասին։ Մենք դեռ այցեր ենք ունենում և կվերադառնանք Հայաստան ամռանը։ Ճիշտ է՝ նախկինում նշվել է, որ համայնքներին ոչ բավարար ֆինանսական ռեսուրսներ են հատկացվում իրենց լիազորությունների իրականացման համար, երբեմն պարզ չէ, թե որոնք են ՏԻՄ-երի և կենտրոնական կառավարության լիազորությունները։ Բայց պիտի ասեմ, որ նմանատիպ խնդիրներ մենք տեսնում ենք նաև շատ եվրոպական երկրներում, երբ տեղական մակարդակում համայնքապետարանները չունեն բավարար ռեսուրսներ բավարարելու իրենց քաղաքացիների կարիքները։ Հայաստանը բացառություն չէ։ Կարծում եմ վաղ է ասել, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում բարեփոխումներից հետո, քանի որ ունենք նաև սպասվող բարեփոխումներ, բայց կարող ենք ասել, որ կա գործընթաց, քննարկումներ և տեղական ժողովրդավարությունը հանրության աչքի առաջ է, քննարկման առարկա։ Սա արդեն լավ է, որ մարդիկ խոսում ենք տեղական ժողովրդավարության մասին և դա լավ նշան է։ Բայց դեռ վաղ է եզրահանգումներ անել»։

Կատրին Պարտիկայից նաև հետաքրքրվեցինք՝ տեղական ժողովրդավարության տեսանկյունից ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ ՀՀ-ում քրեական գործեր են հարուցվում ընտրված համայնքի ղեկավարների նկատմամբ, նրանք ազատազրկվում են և փաստացի ընտրված համայնքի ղեկավարները փոխարինվում են կառավարության կողմից նշանակված վարչական ղեկավարներով, համազեկուցողը պատասխանեց․ «Իհարկե, դա կարևոր մտահոգություն է, քանի որ մենք գնահատում ենք տեղական ժողովրդավարությունը, և երբ քաղաքապետերն ազատազրկվում են, դա նույնպես կարևոր է տեղական ժողովրդավարության տեսանկյունից։ Մենք նաև Կոնգրեսում ստացել ենք որոշ գրավոր մտահոգություններ այդ քրեական մեղադրանքների մասին։ Բայց չենք եկել դատելու։ Մենք գնահատում ենք տեղական ժողովրդավարությունը, եթե դա տեղական ժողովրդավարության խնդիր է, մենք կուսումնասիրենք այն։ Այստեղ ենք լսելու տարբեր կողմերի, նաև այդ քրեական մեղադրանքների մասին նրանց դիրքորոշումը։ Մենք այստեղ չենք եկել դատելու համար, այլ լսելու կողմերին և մեր եզրահանգումներն անելու»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նշենք, որ Հայաստանի մասին նոր զեկույցի պատրաստման աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն աշնանը, որից հետո այն կքննարկվի Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովում և կուղարկվի ՀՀ կառավարությանը դիտարկումների համար։ Ամենայն հավանականությամբ, զեկույցը Կոնգրեսի լիագումար նստաշրջանում քննարկման կդրվի արդեն 2027-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930