Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում ենք՝ սա թեստ էր տեսնելու, թե ընտրություններն ազգային մակարդակով ինչպիսին կլինեն». ԵԽ Կոնգրեսի զեկուցողը՝ Երեւանի ընտրությունների մասին

Հոկտեմբեր 30,2023 14:00

«Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք տեսանք երբեւէ Երեւանում գրանցված մասնակցության ամենացածր ցուցանիշը։ Դա իրոք մտահոգիչ էր»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակ, ԵԽ Կոնգրեսի՝ Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկող պատվիրակության ղեկավար Կարլա Դեյոնգեն։

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընդունեց Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը։

Կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր։ Այն դիտորդական առաքելություն իրականացրեց Երեւանի 12 ընտրատարածքներում։ Զեկույցում ամրագրված է՝ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ եւ լավ կազմակերպված՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների:

Կարլա Դեյոնգեից հետաքրքրվեցինք՝ իր դիտարկումներն ի՞նչ են ցույց տալիս՝ ինչո՞ւ այդքան ցածր մասնակցություն գրանցվեց Երեւանում, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ այս ընտրությունները տեղական խնդիրների մասին չէին։ Շատ թեկնածուներ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում էին ազգային անվտանգության մասին, ինչի պատճառով շատ տեղական հարցեր բաց էին թողնված։  Մինչդեռ մարդիկ ուզում էին լսել տեղական խնդիրների մասին թեկնածուների կարծիքը, առաջարկները։ Երբ մարդիկ մասնակցում են տեղական ընտրությունների, նրանք ցանկանում են, որ քաղաքական գործիչները խոսեն իրենց առօրյա խնդիրների մասին, թե ինչ են առաջարկում այդ խնդիրների հետ կապված։ Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ այդ հարցերը բաց էին թողնված։ Ուստի կարծում եմ՝ սա մեծ դեր խաղաց մարդկանց՝ ընտրությունների մասնակցության հարցում։ Հատկապես ցավալի էր, որ քիչ երիտասարդներ էին մասնակցել ընտրությունների։ Կարծում եմ՝ նրանք հիասթափված էին քարոզարշավից»։

Մեր դիտարկմանը՝ չեք կարծո՞ւմ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը եւս մեծ դեր ունեցավ այս հարցում, նա պատասխանեց. «Կարծում ենք՝ սա թեստ էր մեծամասնության համար տեսնելու, թե ընտրություններն ազգային մակարդակով ինչպիսին կլինեն»։

Կարլա Դեյոնգեին հարցրինք՝ տպավորություն չի՞ ստացել, որ Երեւանում մարդիկ բոլոր կուսակցություններից հիասթափված են, եւ դա էլ է մեծ  դերակատարություն ունեցել մասնակցության ցածր մակարդակի հարցում, նա արձագանքեց. «Դա միայն Երեւանում չէ։ Ամբողջ Եվրոպայում են մարդիկ հիասթափված։ Օրինակ՝ իմ երկրում՝ Բելգիայում եւս, մարդիկ հիասթափված են ընդհանրապես քաղաքական գործիչներից եւ քաղաքականությունից։ Այնպես որ, ես կարծում եմ՝ սա ընդհանուր խնդիր է ժողովրդավարության համար ողջ Եվրոպայի տարածքով»։ Այս խնդրի լուծման համար զեկույցի հեղինակը կարծում է, որ պետք է քաղաքականությունն ավելի մոտեցնել մարդկանց, ինչը կարող է տեղի ունենալ տեղական խնդիրների միջոցով։

Հիշեցրինք՝ արձանագրել էիք, որ նախընտրական քարոզարշավը բեւեռացված էր եւ հարցրինք՝ ի՞նչն է Ձեզ նման տեսակետ հայտնելու համար հիմք ծառայել, նա պատասխանեց. «Խոսել ենք տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ. օրինակ՝ այն փաստը, որ թեկնածուներն օգտագործել են ծառայությունները, վարչական ռեսուրս ընտրությունների ժամանակ, կամ որոշ թեկնածուներ մեծ գումարներ են ներդրել քարոզարշավի համար»։ Ըստ Կարլա Դեյոնգեի՝ որոշ առաջատար թեկնածուների դեպքում, որոնք շարունակում էին կատարել իրենց պաշտոնական լիազորությունները, մի փոքր խճճված էր՝ դա քարոզարշա՞վ էր, թե նրանք կատարում էին իրենց պաշտոնական պարտավորությունները։

ԵԽ Կոնգրեսի դիտորդական խմբի ղեկավարն արձանագրեց, որ ՀՀ-ում ընտրությունների կազմակերպման ոլորտում նկատելի է մեծ առաջընթաց. «Ուրախ ենք, որ Հայաստանը հետեւել է մեր նախորդ առաջարկություններին։ ԿԸՀ-ն իրապես մեծ ջանքեր է կատարում»։ Կարլա Դեյոնգեն բարձր գնահատեց ընտրատարածքային հանձնաժողովների ղեկավարների, հանձնաժողովի անդամների վերապատրաստումը, նրանց աշխատանքը, էլեկտրոնային նույնականացման, տեսախցիկների համակարգը, որոնց միջոցով կարելի էր ուղիղ եթերով հետեւել քվեարկության ընթացքին։ Ըստ Կարլա Դեյոնգեի՝ դեռ որոշ բարելավումների կարիք կա՝ օրինակ՝ դեռ աշխատանք կա անելու ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված, քանի որ սայլակներով մարդկանց համար դեռ շատ ընտրատեղամասեր հասանելի չեն։ Դիտորդական առաքելության ղեկավարի համար անհասկանալի էր՝ ինչու շարժական քվեատուփերը կարող են օգտագործվել ազգային ընտրությունների ժամանակ, բայց չեն օգտագործվում տեղական ընտրությունների ժամանակ։ Մյուս մտահոգությունն այն է, որ ընտրացուցակները քիչ թվով կանայք էին գլխավորում։

Զրույցի ավարտին Կարլա Դեյոնգեն ասաց, որ ՀՀ-ին առաջարկել են սահմանել տեղական ընտրությունների համար մեկ միասնական օր, որպեսզի մարդկանց  ավելի զգայուն դարձնեն տեղական ժողովրդավարության հարցով։ Ըստ նրա՝ տարբեր օրեր ընտրությունների անցկացումը մարդկանց խճճում է։ Նա նշեց, որ այս մոտեցումն ընդունված է Եվրոպայի շատ երկրներում. օրինակ՝ Բելգիայում եւս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեկ միասնական օր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031