Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարանում եզրափակեցին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը

Ապրիլ 17,2026 16:41 Share

Ապրիլի 16-ին երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարանում եզրափակեցին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը, որը կոչված էր խթանելու ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի երիտասարդների միջեւ միջսահմանային երկխոսությունն ու փոխանակումը։

Ապրիլի 11-ից 16-ը Հայաստանից եւ Եվրոպական միությունից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության 50 անդամներ Հայաստանի մարզերում իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ բուհեր, ՀԿ-ներ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններ այցելությունների միջոցով տարածելով «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» ուղերձը։

«Հայաստանից եւ ամբողջ Եվրոպայից ժամանած հասակակիցների հետ շփումներն ինձ հիշեցրին, թե որքան շատ բան ենք մենք կիսում՝ անկախ մեր տարբեր ծագումից։ Այսպիսի փոխանակումները միավորված Եվրոպայի գաղափարը դարձնում են իրական եւ իմաստալից», – ասել է Իսպանիան ներկայացնող երիտասարդ եվրոպական դեսպան Միրեյա Բրունետը։

Ապրիլի 16-ին երիտասարդ եվրոպական դեսպանները հանդիպում ունեցան եվրաակումբների եւ տեղական երիտասարդության հետ Aparan Youth Alliance-ում, որին հաջորդեց World Café («համաշխարհային սրճարան») մեթոդի կիրառմամբ քննարկում եւ համատեղ համայնքային որմնանկարի ստեղծման միջոցառում՝ ԵՄ դեսպանի մասնակցությամբ՝ ի նշանավորումն «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության 10-ամյակի։

Արշավի պաշտոնական մեկնարկը տրվել էր ապրիլի 12-ին՝ Երեւանում երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից կազմակերպված միջոցառմամբ: Մեկնարկի միջոցառման շրջանակում անցկացվեց բաց երկխոսություն Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար եւ Քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Թերեզա Վորլովայի հետ։

Մայրաքաղաք Երեւանում եւ Ապարանում տեղի ունեցած միջոցառումներից զատ, շաբաթվա միջոցառումները ներառում էին այցելություններ Եղեգնաձոր, Գորիս եւ Տաթեւ՝ ապահովելով մայրաքաղաքից դուրս լսարանի ընդգրկվածություն եւ մարզային համայնքների հետ ակտիվ փոխազդեցություն։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական հաղորդակցման ցանց է, որը կապում է երիտասարդներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ԵՄ անդամ պետություններից եւ Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է` բարձրացնել իր Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930