Այսօր Վանաձորում տարեց մի տղամարդ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում խորհրդարանը սահմանադրական փոփոխություն կանի՞, ու ինքը կդառնա՞ թեկուզ խորհրդարանի կողմից ընտրված կիսանախագահի լիազորություններով նախագահ։
«Մեղմ ասած, վարչապետի պաշտոնը ձեր հագով չէ, էլի, ցավդ տանեմ»,- ասաց տարեց տղամարդը։ Իսկ հարցի սկզբում նա պարզաբանեց, որ բավական շատ արժեքներ վարկաբեկվել են․ օրինակ՝ խաղաղությունը, վարչապետը։
Տարեց տղամարդը նաև ասաց, որ ամեն գիշեր 3-4 անգամ արթնանում է ու ափսոսում է, որ արթնացել է․ երազից է արթնանում, մեկ Շահումյանի Վերինշեն գյուղի Սպիտակ աղբյուրի մոտ է, մեկ Մարտակերտում է։
«Եթե ես՝ ոչ Ղարաբաղում ծնվածս ու ապրածս, իմ թանկ մարտական ընկերների հետ դեռ 89 թվականին Ղազանչի գյուղից սկսած պաշտպանում եմ, եղել եմ մարտադաշտում, ես ինձ մեղավոր եմ զգում, իմ թանկ, զոհված ընկերների գերեզմաններն այնտեղ են, և ես չեմ կարող այցելել»,- ասաց տղամարդը՝ հազիվ թաքցնելով հուզմունքը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ թշնամին հիմա Երևանի մատույցներում է և որպես պատերազմ տեսած մարդ՝ ասում է՝ Երևանի ցանկացած փողոց, ցանկացած տուն թիրախում է։
«Ես ապրում եմ ամենօրյա այն հույսով, որ պիտի վերադառնանք Արցախ է, դա՛ է իմ հույսը և ձեր հետ կապած հույսը, և ես այցելելու եմ ոչ միայն եմ իմ թանկ ընկերներին,այլ հրաշք լեռնաշղթան»,-ասաց հարց տվող տղամարդը։
«Արցախ վերադառնալու մասին մենք մեր մոտեցումը հնչեցրել ենք, մենք հիմա պիտի պայքարենք վերադարձի իրավունքի ճանաչման համար։ Այսօր Հայաստանի իշխանությունն ընդհանրապես դրանով ոչ միայն չի զբաղվում, այլ հայտարարում է, որ այդ հարցը փակված է։
Սա այն թեման է, որին շատ հեշտ է հասնել, սա միջազգային իրավունքի շրջանակներում է։ Ես կարծում եմ, որ կա ուղղակի պայմանավորվածություն Հայաստանի վարչապետի և Իլհամ Ալիևի միջև, և այդ պայմանավորվածությունը ենթադրում է, որ այս թեման ընդհանրապես պետք է փակվի։
Մեզ համար անընդունելի է, և մենք վերադարձի իրավունքի համար պայքարելու ենք։ Իսկ դա իր հետ բերում է գույքային պարտավորություններ, մի շարք այլ հարցեր, անելու ենք»։
Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով առաջին հարցին, ասաց․ «Ինձ համար ավելի հոգեհարազատ է և կարծում եմ՝ Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը, ես սա ընդունում եմ։
Խորհրդարանական համակարգը ցույց տվեց, որ, թվում էր, թե խորհրդարանական մոդելը պետք է լինի ավելի ժողովրդավարական, բայց դարձել է ճիշտ հակառակը։ Եվ երբ այն ժամանակվա ընդդիմադիրներն ասում էին՝ սուպերվարչապետությունը պետք է դեմոնտաժվի, եկել են, ոչ թե դեմոնտաժել են, այլ հակառակը՝ մի բան էլ ավելի ամրացրել ենայդ մոդելը։
Բայց սա զգայուն հարց է, և այս հարցի շուրջ մենք պետք է լայն քննարկումներ ունենանք։
Այն նախագահի պաշտոնը, որ կա այսօր, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, ով գա նախագահ՝ կամ պաղպաղակ է ուտելու երեխաների հետ, կամ դաշմանուր է նվագելու ինչ-որ մի տեղ, որովհետև այլ ֆունկցիա ուղղակի չունի։ Բայց այդ, նույն նախագահն ունի 13, թե 14 հոգի աշխատակազմ, որոնք նստած ըսենց լուրջ դեմքերով իբր ինչ-որ բան են անում, բայց ի՞նչ են անում, չգիտեմ։ Ուղղակի այդ բյուջեում պիտի նախատեսել պաղպաղակի մի քանի ֆուռ տարվա ընթացքում, թե ինչքան պիտի ուտի կամ մի 15 հատ դաշմանուր բերի, որ առավոտից 9-ից մինչև 10-ը մեկի վրա նվագի, 11-ից 12-ը մեկ ուրիշի վրա՝ տարբեր սենյակներում, որ գոնե ինչ-որ բանով զբաղվի։
Դրա համար, այո, մոդելի փոփոխություն պետք է, բայց կրկնեմ՝ զգայուն հարց է և պետք է ավելի լայն շրջանակներում քննարկել։ Սա նորմալ չէ, որ մեկ մարդ ունի անսահմանափակ իշխանություն, ուղղակի աննորմալ երևույթ է , փոխելու ենք», -ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































