«Ներկայացված 6 չափման խմբերից միջինից բարձր միավորներ են հավաքել դատախազության անկախությունը եւ կարգավիճակը, ապահովվածությունը՝ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներով: Միջին միավոր են հավաքել դատախազության կողմից համագործակցությունը եւ արտաքին հարաբերությունները, կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը, ինչպես նաեւ դատախազության հաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունը: Հակակոռուպցիոն կանխարգելումը, կրթությունը եւ իրազեկումը հավաքել են ցածր տոկոսային միավորներ: Առավելագույն բարձր միավորներ են հավաքել 17 ցուցանիշ, 17-ը ստացել են միջին միավոր եւ 14-ը ցածր միավոր»,- ՀՀ դատախազության գործունեության գնահատման արդյունքները ներկայացնելիս նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ (ԹԻՀԿ) Անուշ Հակոբյանը:
ՀՀ դատախազության գործունեությունն ուսումնասիրվել է ԹԻՀԿ-ի կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ գնահատելով ՀՀ դատախազության գործունեությունը 6 չափման ուղղություններով, ներառյալ՝ կառույցի անկախությունն ու կարգավիճակը, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը, հաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունը, կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը, համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։ Հետազոտությունն իրականացվել է 2021-2024թթ. ընկած ժամանակահատվածի համար։ Դատախազության գործունեությունը դիտարկվել և գնահատվել է 48 ցուցանիշներով
Անուշ Հակոբյանի ներկայացմամբ, դատախազության անկախության եւ կարգավիճակի չափանիշով գնահատման մակարդակը կազմել է 77.7%՝ առավելագույն 18-ից հավաքելով 14 միավոր: Դատախազության ապահովվածությունը՝ ֆինանսական և մարդկային ռեսուրսներով, գնահատվել է 68.7%։ Միջինին մոտ միավորներ են տրվել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդմանը՝ 44.4%, հաշվետվողականությանն ու ներքին բարեվարքությանը՝ 44.4%, իսկ համագործակցության եւ արտաքին հարաբերություններին գնահատվել է 50%։
ԹԻՀԿ հետազոտության մեջ նշված է, որ թեեւ «Դատախազության մասին» օրենքում ամրագրված է դատախազի ապաքաղաքականացվածության սկզբունքը, որի համաձայն դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, սակայն հանրային եւ մեդիա դաշտում քննարկվում է գլխավոր դատախազի կաշկանդվածության մասին: Ուսումնասիրության մեջ փաստվում է, որ գլխավոր դատախազը վարչապետի հետ ունեցել է սերտ աշխատանքային հարաբերություններ, Աննա Վարդապետյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, ինչը ստեղծում է քաղաքական կախվածության եւ ընտրովի արդարադատության վերաբերյալ բարձր ռիսկեր։
Կարդացեք նաև
Բանախոսը ի թիվս այլնի՝ փաստեց, որ խնդիրներ են արձանագրվել գլխավոր դատախազի եւ իր տեղակալի լիազորությունների դադարեցման որոշ հիմքերում. «Մասնավորապես որոշ հիմքեր ձեւակերպված են չափազանց ընդհանրական, դրանք հայեցողական են, բազմիցս քննադատվել են իրավական որոշակիության տեսանկյունից»:
Ինչ վերաբերվում է լիազորությունների՝ քաղաքական նպատակով օգտագործմանը, այս մասին էլ նշեց. «Հանրային եւ քաղաքական գնահատականները վկայում են կանխարգելիչ լրացուցիչ մեխանիզմների բացակայության մասին, ինչի հետեւանքով պահպանվում են քաղաքական ազդեցության եւ ընտրովի արդարադատության ընկալման ռիսկերը: Մասնավորապես դրանք կապված են գլխավոր դատախազի նախորդ դերակատարման եւ գործադիր իշխանության կապերի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերի գործերի զգալի մասի դատավարական ավարտի չհասնելու հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































