Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ միությունը» ՀՀ կառավարությունից պահանջում է վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը

Ապրիլ 22,2026 13:34 Share

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։

Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.

  • 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.
  • 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».
  • Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.
  • Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:

Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.

  • Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.
  • Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.
  • Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:

Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.

  • Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.
  • Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:

Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար։

Արցախ միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930