Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ-զուռնայով։ Համայնքապետարանի պաշտոնյաների գլխավորությամբ մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ տպավորություն ստեղծելով, թե հանրահավաք է լինելու։ Այստեղ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների պակաս չկար։
«Կուզեն նկարվեն»,- բարձր երաժշտության տակ առաջարկում էին Նիկոլ Փաշինյանին։
Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ու փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ուղեկցությամբ եղավ նորաբաց երիտասարդական կենտրոնում, տեղեկացավ, որ 25 միլիոն դրամաշնորհ են ստացել, որից 8 միլիոնը վերադարձրել են պետական բյուջե։
Մոտ 17 միլիոն դրամ է տրամադրվել ԿԳՄՍ-ի կողմից, իսկ համայնքը տրամադրել է 7 միլիոն դրամ։
Նիկոլ Փաշինյանը շփվեց երիտասարդների հետ, հետաքրքրվեց՝ ինչքա՞ն ժամանակ են անցկացնում պատանիները երիտասարդների տանը։
Կարդացեք նաև
Հարցրեց․ «Ե՞րբ է բացվել կենտրոնը, այս կենտրոնը ձեզ պե՞տք էր, փոխե՞լ է ինչ-որ ձևով ձեր կյանքը, որ չկար կենտրոնը, որտե՞ղ էիք ժամանակ անցկացնում»։
Փաշինյանը նշեց, որ այս կենտրոնում պետք է նաև ստեղծագործեն՝ երգեր ու բանաստեղծություններ գրեն։
Ըստ վարչապետի՝ հաջորդ փուլում, երբ ցանցը զարգանա, կարող են դրամաշնորհ տրամադրել՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով։
Փաշինյանը շրջայց կատարեց կենտրոնում, լուսանկարվեց պատանիների հետ։
Այստեղ լվացրեց ձեռքերը՝ գովելով Ախուրյանի սառը ջուրը։
Երբ դուրս եկավ երիտասարդների տնից, նրան հորդորեցին վերակառուցել Ախուրյան-Ջրառատ ճանապարհը, որն անմխիթար վիճակում է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը զեկուցեց, որ այն նախագծում կա։
Մի կին մոտեցավ՝ ասելով, որ երեխաները տուն չունեն, վարձով են ապրում։
«Հայրիկը, մայրիկը պետք է աշխատեն, տուն առնեն»,- խորհուրդ տվեց Փաշինյանը։
«Էդ աշխատավարձո՞վ»,- շարունակեց կինը։
«Ամեն ինչ անում ենք, որ աշխատանքներ էլ լինեն, աշխատավարձն էլ»,- ասաց վարչապետը։
Մի կին էլ, ցույց տալով փողոցը, բողոքեց՝ հնարավոր չէ քայլել։
«Կամաց սարքելով՝ գալիս ենք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ու հեռացավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































