Armlur.am-ը հայտնում է, որ այսօր Երևանում, երթևեկելիս, ուշագրավ դեպք է տեղի ունեցել իրենց աշխատակցի հետ.
«Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ (Պլանի գլուխ) գնացող ճանապարհին խցանում էր՝ խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով։ Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը՝ գերթանկարժեք BMW-ն և ուղեկցող Toyota Prado-ն։
Սակայն, չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ սովորական քաղաքացիների հետ, շուրջ կես ժամ շարունակ ազդանշանում էին և վարորդներից ճանապարհ պահանջում, որպեսզի երթևեկեն արտահերթ։ Սակայն ապարդյուն, քանի որ խցանումն անանցանելի էր։
Ի վերջո, խցանումն անցնելուց և շրջանաձև խաչմերուկը հատելուց հետո, ուղևորվելով դեպի Մյասնիկյան պողոտա, թունել մտնելիս հայտնվում են մեր աշխատակցի մեքենայի հետևում և անդադար ազդանշանելով, բարձրախոսներով բղավելով՝ ճանապարհ են պահանջում՝ չգիտակցելով, որ տվյալ թունելը միակողմանի է, և կա միայն մեկ երթևեկելի գոտի, ուստի ճանապարհը զիջելը տեխնիկապես անհնար է։
Կարդացեք նաև
Բացի այդ, թունելից դուրս գալուց հետո մի քանի հարյուր մետր հատվածում դեպի աջ հոծ գիծ է, և վերադասավորվելը արգելվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններով։ Սակայն, չտիրապետելով վարորդական բավարար հմտություններին, ԱԺ նախագահի ավտոշարասյունը շարունակում էր ազդանշաններով և չափազանց մոտ երթևեկելով դիմացի մեքենաներին՝ ամեն գնով ստիպել վարորդներին զիջել ճանապարհը։
Այնուհետև, երբ արդեն հնարավոր էր վերադասավորվել աջ երթևեկելի գոտի, և մեր աշխատակիցը ցանկանում էր տեղափոխվել աջ, Ալեն Սիմոնյանի վարորդը փորձում է վազանց կատարել հենց աջ գոտիով՝ այդպիսով թույլ չտալով մեր աշխատակցին փոխել շարքը։ Այդ ընթացքում Toyota Prado-ն շարունակում էր մեր աշխատակցի մեքենայի հետևից կպած՝ անդադար ազդանշանել և ճանապարհ պահանջել։
Հետո, տեսնելով, որ առջևում ավտոբուսն է, որին նույնպես ստիպում էին տեղափոխվել աջ, և այլևս առաջ գնալ չի կարող, Ալեն Սիմոնյանի ավտոմեքենայի վարորդը ստիպված արգելակում է և կրկին վերադասավորվում ձախ երթևեկելի գոտի։
Ի վերջո, մեր աշխատակիցը հնարավորություն ստանալով անվտանգ տեղափոխվում է աջ շարք՝ ճանապարհ տալով ԱԺ նախագահի շտապող ավտոշարասյանը։ Սակայն դա նրանց բավարար չէր․ Toyota Prado-ն վազանց կատարելիս լկտիաբար մոտեցնում է մեքենան մեր աշխատակցի ավտոմեքենային՝ վտանգելով նրա կյանքն ու առողջությունը և ստեղծելով վթարային իրավիճակ։ Միաժամանակ անվտանգության աշխատակիցները մեքենայի պատուհաններից դուրս եկած՝ գոռգոռում էին վարորդի վրա և հոխորտում։
Դրանից հետո մեր աշխատակիցը կանգնեցնում է նրանց ուղեկցող ոստիկանության գվարդիայի մեքենան և խնդրում մեկնաբանել նման պահվածքի պատճառը։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասում են, որ դա ուղեկցող մեքենա է, և պետք է ճանապարհ տալ։ Մեր աշխատակցի այն դիտարկմանը, որ թունելում դա ֆիզիկապես անհնար էր՝ մեկ երթևեկելի գոտու պատճառով, ոստիկանները խորհուրդ են տալիս՝ «պետք էր կանգնել»՝ հաշվի չառնելով, որ այդ դեպքում իրենք նույնպես կկանգնեին, քանի որ թունելում կա միայն մեկ գոտի։
Կարճ ասած՝ ոստիկանները հորդորում են Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը տեսնելիս քաշվել աջ և կանգնել»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և պաշտպանվող օբյեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածքն անընդունելի է։
ՊՊԾ-ն չպիտի ուրիշ վարորդներից պահանջի խախտել ՃՈ կանոնները և, առավելևս, չպիտի, որպես պատիժ, վթարային իրավիճակներ ստեղծի։
Առհասարակ, ուրիշ վարորդների «վրա քշելով» նրանց «պատժելը» (պատժելը, ոչ թե օբյեկտին պաշտպանելը) խուլիգանություն է։ Եթե իմ մեքենայի վրա տենց քշեին, կարող է դեմները փակեի` սկսեինք պարզել, թե ինչի՞ է իրեն իրավունք վերապահում օրինապահ վարորդներին «պատժել»։
Առհասարակ, երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ ՊՊԾ որոշ վարորդներ թերարժեքության բարդույթ ունեն, որը արտահայտում են անտեղի (օբյեկտի պաշտպանության հետ չկապված) ագրեսիվ վարելով։ Դա անընդունելի է։
Հ.Գ. ՊՊԾ ծառայողները կարող են որոշակի մանեվրներ կատարել ու երթևեկության նկատմամբ առավելություն ստանան` օբյեկտի պաշտպանության համար։ Բայց չեն կարող պահանջել այլ վարորդներից, որ խախտեն ՃԵ կանոնները ու, առավելևս, չեն կարող այլ վարորդներին «պատժել»։


















































