Ուղնուծուծով օշականցի լրագրող Արփի Սուքիասյանը մի քանի ուխտավորների հետ բացառիկ ուխտագնացություն է իրականացրել՝ Մեսրոպ Մաշտոցի հանգչավայր Օշականից դեպի ուսուցչապետի ծննդավայր Հացեկաց:
Փաստագրված ուխտագնացությունը վերաճել է «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի, որի ռեժիսորը Մշո գերդաստանի շառավիղ Արտակ Ավդալյանն է, երաժշտության հեղինակը՝ Վահան Արծրունին: Ֆիլմի պրեմիերան նախ կայացել է Օշական գյուղի մշակույթի տանը, իսկ ապրիլի 26-ին ֆիլմը ցուցադրվել է նաեւ «Նաիրի» կինոթատրոնում:
Արփի Սուքիասյանը, որի ընտանիքը ձեռք է բերել Օշականի ամենահին տունը, ֆիլմի ցուցադրությունից առաջ պատմեց, թե ինչպես է իր լավ բարեկամ Վարդուհի Գրիգորյանի հետ որոշել թափ տալ Օշականի պատմության մոռացության փոշին, պարզել, թե օշականցիներն ինչքանով առնչություն ունեն Թարգմանչաց տոնի խորհրդի հետ:
Կարդացեք նաև
«Մինչեւ Հայոց ցեղասպանությունը, երբ Հացեկացը դեռեւս հայաբնակ էր, այնտեղից Թարգմանչաց ուխտի օրը միշտ 36 լավաշ են ուղարկել Օշական՝ իբրեւ Հայոց այբուբենի 36 տառերի խորհրդանիշ: Ուխտագնացությունից հետո մենք եւս որոշեցինք ամեն Թարգմանչաց ուխտի օրը 36 լավաշ թխել եւ բաժանել: Այդ 36 լավաշները թխվելու են Հացեկացից բերված ցորենից: Մենք այն ցանելու ենք, դրանից ալյուր ենք ստանալու, ու անպայման Թարգմանչաց ուխտի օրը բաժանելու ենք Մաշտոցի եկեղեցում: Այնպես որ հաջորդ Թարգմանչաց ուխտի օրը ձեզ կսպասենք այդ լավաշները բաժանելու համար»,-ասաց ֆիլմի հեղինակ Արփի Սուքիասյանը: Արփին ու մյուս ուխտավորները շատ խորհրդանշական ծես են իրականացրել՝ իրենց հետ Հացեկացից բերել մի պարկ ցորեն, հող եւ ջուր:
Արփին նշեց, որ մեծ դժվարությամբ է իրականացվել իրենց ուխտագնացությունը, բայց իրենց ուժ է տվել Մաշտոցյան լույսի ջահակիրը դառնալու տեսլականը: Նա ասաց, որ առաջին անգամ Հացեկացի կադրերը տեսել է Արտակ Ավդալյանի «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմում, որտեղ համաշխարհային գրաբանության համատեքստում ներկայացվում է Հայաստանում գրի ծագման ու զարգացման պատմությունը, ընդգծվում հայ դպրության վերածննդի սկզբնավորող Մեսրոպ Մաշտոցի հանճարը:
«Ես երեւի միլիոն անգամ այդ կադրերը նայել եմ, քարտեզի վրա գտել Հացեկացը, որ հիմա այլ անուն ունի: Ես զանգեցի պարոն Ավդալյանին, որպեսզի հարցնեմ Հացեկաց գնալու ճանապարհը ո՞րն է, ասաց՝ ի՞նչ եք ասում, 2 աղջիկ գնաք-հասնեք Հացեկա՞ց, չկա նման բան, դա շատ վտանգավոր է: Հանդիպում խնդրեցինք իր հետ… Պարոն Ավդալյանն ասաց՝ բացառիկ բան եք անում, օշականցիներով գնում եք Հացեկաց, արի այդ ուխտագնացությունը վերածենք վավերագրական ֆիլմի, պատկերացնում եք չէ՞ իմ ռեակցիան… Հաղթահարեցինք ֆինանսական դժվարությունները, գտանք, թե ինչ ճանապարհով պետք է հասնենք Հացեկաց, ընկանք ոստիկանների ձեռքը, որոնք վերջում գյուղապետ Բարիշի հետ մեզ թեյ հյուրասիրեցին»,-մանրամասնեց Արփին:
Նաեւ ներկայացրեց, թե ինչպես են գրերի գյուտի հետքերով ուխտավորներով հասել Եդեսիա, Սամոսատ, Բալու՝ վայրեր, որոնք անմիջականորեն կապված են հայ գրերի ստեղծման պատմության հետ։
Ֆիլմում, ի թիվս այլնի, պատմվում է Մաշտոցի տեսիլքի մասին. ինչպես է վարդապետը հոգու աչքերով տեսել, որ Աստծո աջը Հայոց այբուբենի տառերը գրում է քարին, ինչպես է Մաշտոցը ստանձնել հոգեւոր հայդուկություն՝ հանուն հայոց ինքնության պահպանման:
«Չեմ կարող ասել, թե մենք այդտեղ բավականություն ստացանք, մենք չգիտենք՝ ավելի շատ լա՞ց ենք եղել էրգրում, թե ավելի շատ ուրախացել ենք… Բայց մի բան հստակ է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ամուր գրկենք Մաշտոցին»,-ընդգծեց Արփին՝ խոսելով էրգրից հայկական հետքերի վերացման մասին:
Հուզիչ էր այն պահը, երբ Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հոտընկայս արտասանեց այբուբենը, ապա նոր հեռացավ դահլիճից: Բոլորի աչքերը թրջված էին արցունքներից:
Հավելենք, որ «Ուխտն ի Մաշտոց» նախագիծը կյանքի է կոչվել Բունիկ/Bounik մշակութային հարթակի կողմից, որը տարիներ շարունակ զբաղվում է Օշականի պատմամշակութային ժառանգության քարոզչությամբ եւ պահպանմամբ։ Ֆիլմի ստեղծման եւ ուխտագնացության գործընթացում ներգրավված են եղել նաեւ Նորայր Գրիգորյանը, Գեւորգ Խաչատրյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմինե Հովհաննիսյանը, Բորիս Վարդանյանը: Բոլորին միավորել է գաղափարական նվիրումը՝ ստեղծել ոչ կոմերցիոն, բայց բարձրարժեք մշակութային գործ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ























































