ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն այսօր ստացել են ավարտական վկայականները։
Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի Արաքսիա Սվաջյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ և հյուրեր։
Հանդիսության ընթացքում ավարտական վկայականներ են հանձնվել ՀՀ 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտների, որոնք անցել են ԱԲ սերունդ կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակում։ Նա կարևորել է ԱԲ սերունդ ծրագիրը՝ ընդգծելով, որ կրթության առջև ծառացած մարտահրավերները փոխկապված են արհեստական բանականության դինամիկ աճի հետ․
«Ծրագիրը նպաստում է հանրակրթության մրցունակության բարձրացմանը՝ ձևավորելով ԱԲ կարողունակություններով օժտված շրջանավարտ։ Կարծում ենք, որ հանրակրթության ոլորտում այս ծրագրի ներդրումը շատ կարևոր նշանակություն ունի և համարվում է նորարարական մոտեցում։ Ուրախ եմ նաև արձանագրել, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը զբաղեցրել է 2-րդ տեղը:
Կարդացեք նաև
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԱԲ սերունդ կրթական ծրագրի փորձարկման առաջին փուլի ամփոփմանը զուգահեռ նախորդ տարի ընդլայնվել է դպրոցների ցանկը․ «Նպատակ ունենք բոլոր խոշոր բնակավայրերի ավագ դպրոցներում ներդնել ծրագիրը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված բոլոր երեխաներին տալով հնարավորություն այս ուղղությամբ ստանալու խորացված կրթություն»։
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտ, ծրագրի շրջանավարտ Մարիամ Կիրակոսյանը վստահ է, որ ԱԲ սերունդ կրթական ծրագրի ուսուցումը կարևոր ներդրում է իր ապագայի համար․ «Մեր ժամանակներում արհեստական բանականության կիրառումը տարբեր ասպարեզում շատ կարևոր է։ Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները հետագայում ևս օգտագործելու եմ․ կրթությունս ուզում եմ շարունակել կենսաբանության ուղղությամբ և այս ոլորտում ավելացնել արհեստական բանականության կիրառումը»։
FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը մի քանի միջազգային մրցանակ է ստացել, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
«Ծրագրի արձանագրած հաջողությունները և արդյունքները հիմք են հանդիսանում այն շարունակելու և ընդլայնելու»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկվում է ծրագրի ընդլայնման հարցը։ ԱԲ սերունդ կրթական ծրագրի փորձնական փուլը մեկնարկել է 2023 թվականին՝ 7 մարզի 14 ավագ դպրոցում։ 2025 թվականի սեպտեմբերից ծրագիրն արդեն ներդրված է 26 ավագ դպրոցում և հասանելի է 19 խոշոր քաղաքային բնակավայրում։
2026-27 ուսումնական տարում նախատեսվում է դպրոցների թիվն ընդյալնել՝ հասցնելով 45-ի։
ԱԲ սերունդ կրթական ծրագրի շրջանակում սովորողները 10-րդ դասարանից, որպես պարտադիր ուսումնական բաղադրիչ, ուսումնասիրում են խորոցված հանրահաշիվ, Phothon ծրագրավորման լեզու, արհեստական բանականություն։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































