«Ես «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգողն եմ այստեղ, և եթե իմ ամբողջ կյանքի ընթացքում գոնե մեկ հայ մարդու ճնշած կամ, թող նա վեր կենա՝ հրապարակային ասի։ Մենք ճնշումներից հեռու ենք։ Մենք ընդհանրապես հայ ազգին չենք ճնշում և թույլ էլ չենք տալու, որ ինչ-որ մեկը ճնշի կամ ստիպի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության սփյուռքի հարցերով համակարգող Նարեկ Սպարտակյանը։
Նարեկ Սպարտակյանից հետաքրքրվել էինք՝ ինչո՞ւ են մարդկանց ճնշում, համոզում, խոստումներ տալիս և ստիպում առաջիկա համապետական ընտրություններում ընտրել Սամվել Կարապետյանին, ինչո՞ւ չեն թողնում, որպեսզի ազատ կամարտահայտվեն։
Նման ահազանգեր ՀՀ սփյուռքի հանձնակատար, իշխող ուժի ներկայացուցիչ Զարեհ Սինանյանն է ստացել։
«Իշխանությունն ինչ անում է, ինչպես գործում է, դա վերագրում է մյուս ուժերին»,- ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, իշխանական շրջանակներում նաև տեղեկություններ ունեն, որ ընտրություններից առաջ մարդկանց ինքնաթիռներով տեղափոխելու են Հայաստան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն անգամ խոստացել էր՝ «դատվելու են»։
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է այդ աբսուրդ խոսակցություններին՝ ինքնաթիռներով մարդկանց տանել․․․ Գիտեք, մարդիկ, հայ ժողովուրդը նախ ապրանք չեն, որ իրենց տանեն։ Մենք ոչ մեկին չենք պատրաստվում տանել։ Բայց տարբեր ժամանակաշրջաններում շատ հայերի ենք օգնել։ Օրինակ, քովիդի համաճարակի ընթացքում, երբ պետությունը ձեռք էր քաշել ժողովրդից, պատերազմի ժամանակ էլ՝ անձամբ Սամվել Կարապետյանը, «Տաշիր» ընկերությունը, մեր համայնքը։ Բայց այսօր՝ մարդ տանել․․․ գիտեք, փաստերից է պետք խոսել»,- ասաց Նարեկ Սպարտակյանը։
Նկատեցինք՝ ՀՀ իշխանությունները նաև հայտարարում են, որ ՌԴ-ն մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, ԵՄ-ից անգամ բավական մեծ գումարներ կստանան «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար։
«Դե՝ ինչ-որ նոր տերմին են լսել, օգտագործում են։ Ինձ թվում է, իրենք էլ չեն հասկանում՝ ի՞նչ է հիբրիդային պատերազմը։ «Հիբրիդային պատերազմ» ի՞նչը նկատի ունեն, որ հայ ազգն իրենցից հոգնե՞լ է, որ չե՞ն լռում, իրենց կարծիքն են ասում։ Թե՞ որ իրենք գալիս են ՌԴ՝ պաշտոնական այցերով, և այստեղ հայ ժողովուրդն իրենց խայտառակ ձևով է ընդունում՝ երեսներին ճշմարտությունն ասելով»,- եղավ արձագանքը։
Իսկ Հայաստանի եվրոպական ապագայի մասին էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության սփյուռքի հարցերով համակարգողն ասաց․ «Հարևան Վրաստանը տեսանք՝ քանի տարի էր գնում և ուր հասավ»։
Նարեկ Սպարտակյանը հավելեց, որ այժմ հավաքագրում են համայնքի խնդիրները, իսկ դրանք շատ են, որպեսզի հունիսի 8-ին, երբ «Ուժեղ Հայաստանն» իշխանության գա, դրանց վրա ժամանակ չկորցնեն, արագ անցնենք լուծումներին․ «Ուժեղ Հայաստանն» կուսակցությունը հաղթելու է, Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, մեր ուժը ժողովրդի կողմից վստահություն ունի, դրա համար էլ իշխանությունը մի քիչ խուճապի է մատնված»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոսկվա


















































