2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի ստորացուցիչ կապիտուլյացիոն ակտ է ստորագրել, վրդովված մարդիկ, որոնք 44 օր լսել էին, որ «հաղթում ենք», դուրս եկան փողոց: Ինչպես բոլոր երկրներում են նման դեպքերում անում` մարդիկ սկսեցին ջարդել-փշրել, մտնել Ազգային ժողով, Կառավարություն, կառավարական առանձնատներ։ Պատահաբար փողոցում հայտնված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծի ենթարկեցին: Նիկոլ Փաշինյանն այդ օրերին թաքնվել էր բունկերում եւ դուրս եկավ օրեր անց, երբ իրավիճակը հանդարտվեց: Այդ բոլոր միջադեպերով քրեական գործեր հարուցվեցին, եւ մինչ օրս քննչական մարմինները քննում են այդ օրվա իրադարձությունները:
2025-ի մայիսին` 5 տարի շարունակ ընթացող քննության շրջանակներում, Քննչական կոմիտեն, նոյեմբերի 9-ի իրադարձություններով, 9 հոգու ձերբակալեց։ Ձերբակալված 9 անձից եւ ոչ մեկին դատարանը 2025-ին չկալանավորեց՝ մերժեցին Քննչական կոմիտեի միջնորդությունները։ Ի դեպ, նշված 9-ից բացի, հետո եւս 2 տասնյակ անձի բռնեցին եւ ներկայացրին կալանքի, որոնց մասով եւս դատարանները մերժեցին կալանք տալու միջնորդությունները։ Պարզ է, որ մեղադրանքներն օդ էին` անհիմն, եւ անգամ իշխանության բուռն շահագրգռությունը չօգնեց, որ մի քանի հոգու կալանք տան՝ շոուն ապահովելու նպատակով:
9 հոգուն առնչվող քրեական գործը հետո անջատվեց եւ ուղարկվեց տարբեր դատարաններ՝ քննության։ Անջատված մասով 4 մեղադրյալի՝ Գեւորգ Ղազարյանի, Հրաչյա Զաքարյանի, Մացակ Արամյանի եւ Սամվել Մնացականյանի վերաբերյալ գործը մտել էր դատարան եւ քննվում էր դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից։ Նրանց՝ բոլորին, մեկ մեղադրանք էր առաջադրված․ «Մասնակցել են զանգվածային անկարգություններին, վնասել գույք»։ Նրանցից մեկի նկատմամբ բացակայելու արգելք էր կիրառվել, մյուս 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։ 10 ամիս տեւած դատաքննությունից հետո, «Հրապարակ»-ի տեղեկություններով, օրեր առաջ դատավոր Արղամանյանը կարդացել է 4 երիտասարդի դատավճիռը՝ բոլորին թողնելով ազատության մեջ։ Ղազարյանին, Զաքարյանին, Արամյանին եւ Մնացականյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով 5 տարվա փորձաշրջան։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































