Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունները, որոնք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ. Փաշինյան

Ապրիլ 28,2026 15:30 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև այդ մտքերի հղկմանը։

Երկրի ղեկավարը նշել է՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել, ընդհուպ՝ մինչև 300 տոկոս։

 «Առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք է փոխվի և այս առումով նաև պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասվում է, որ Կառավարությունն աջակցում է գիտությանը։ Այստեղ մի տեսակ  տարածություն է ստեղծվում Կառավարության և գիտության միջև: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ այստեղ կա պետություն, Կառավարություն և ինչ-որ մի հեռավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք: Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ: Մենք չենք պատկերացնում պետության զարգացումն առանց գիտության զարգացման: Եվ մյուս կողմից՝ մենք չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց կրթության զարգացման։ Բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում»,- շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ գիտությունը և գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ և ներկայություն պետք է ունենան։

Վարչապետի դիտարկմամբ՝ գիտությունը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը, գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը և գիտությունը՝ որպես տնտեսություն ընկալելը, շատ կարևոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։ Գիտության զարգացումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է  մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև այն ավելի զարգացնելու, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու տրամաբանության համատեքստում։

Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրներից մեկը բոլոր տեղայնացված ոլորտներն առնվազն կամրջելն է և հասկանալ, որ գործ ունենք շրջափուլի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, ինչպես նաև առանձին ոլորտ. «Մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, էլ չեմ ասում՝ գիտության մեջ առանձին ոլորտներ։ Եվ շատ կարևոր է, որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը։ Բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով, մի կողմից և ՛ նպատակ է, և՛ միջոց։ Նպատակ է, հենց իր գոյության փաստով, միջոց է, որովհետև պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ՝ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար»։

 Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, և սա շատ կարևոր և առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն՝ բոլոր մասնագիտությունների, այդ թվում՝ գիտական գործունեությամբ զբաղվող։ Եվ այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ»։ 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930