Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը կարող է նպաստել հոտառության և համի կորստին

Ապրիլ 29,2026 09:30 Share

Հոտառությունն ու համի զգացողությունը սերտորեն կապված են։ Երբ հոտառությունը վատանում է, սովորաբար նաև համի զգացողությունն է թուլանում։ Դա տեղի է ունենում, քանի որ քթի մեջ գտնվող հոտառական հատվածը կարևոր դեր ունի համի ընկալման մեջ։ Սնունդը ծամելիս հոտի մոլեկուլները ներթափանցում են քթի հետին հատված։ Եթե լեզվի վրա գտնվող համային ընկալիչները տարբերում են՝ սնունդը քաղցր է, թթու, դառը, թե աղի, ապա քիթը «վերծանում» է մանրամասները, օրինակ՝ այդ քաղցր համը խաղողի՞ց է, թե խնձորից։ Եթե ուտելիս մարդը փակի քիթը, կփոխվի նաև համային ընկալումը։

Դիտարկենք այն հիմնական վիճակները, որոնք նպաստում են հոտառության և համի կորստին կամ այդ զգացողությունների ընկալման փոփոխություններին։

Տարիք

Տարիքի հետ քթի հոտառական նյարդաթելերը նվազում են։ Դա տեղի է ունենում նաև համային ընկալիչների հետ՝ հատկապես 60 տարեկանից հետո․ դրանք նաև պակաս զգայուն են դառնում։ Տարիքային այս փոփոխություններն առաջին հերթին ազդում են աղի և քաղցր համերը տարբերակելու ունակության վրա։ Սակայն խորհուրդ չի տրվում սննդին ավելի շատ աղ կամ շաքար ավելացնել, քանի որ դա կարող է բերել առողջական խնդիրների։

Հիվանդություն կամ վարակ

Հիվանդությունը կամ տարբեր ինֆեկցիաները, ինչպիսիք են հարբուխը, սինուսիտը, ալերգիաները, գրիպը, քովիդ-19-ը և այլն, կարող են ազդել հոտառության և համի զգացողության վրա՝ գրգռելով  քթի լորձաթաղանթը, առաջացնելով քթի փակվածություն, քոր կամ արտադրություն։

Շատ դեպքերում լավանալուն պես հոտառությունն ու համը վերադառնում են նորմալ վիճակին։ Բայց եթե հոտառության ու համի կորուստը տևում է մի քանի շաբաթ, պետք է դիմել բժշկի։

Կառուցվածքային խոչընդոտներ

Եթե քթով շնչառությունը խաթարվում է, հոտառությունը ևս տուժում է՝ այդպիսով անմիջականորեն ազդելով համի ընկալման վրա։ Քթի փակվածությունը կարող է առաջանալ, օրինակ, քթի պոլիպների դեպքում։ Սրանք ոչ քաղցկեղային գոյացություններ են, որոնք զարգանում են քթի խոռոչների լորձաթաղանթում։ Պատճառ կարող է լինել նաև քթի միջնապատի շեղումը, որի դեպքում քթանցքերից մեկը մյուսից նեղ է լինում։

Վնասվածքներ

Գլխի, պարանոցի կամ գլխուղեղի վնասվածքների հետևանքով կարող են տուժել նաև հոտառական նյարդը, քթի լորձաթաղանթը, քթանցքները կամ գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է բույրերի մշակման համար։

Նման դեպքերում հոտառության կամ համի կորուստը նկատվում է կամ անմիջապես, կամ ժամանակի ընթացքում։ Որոշ դեպքերում հոտառությունն ու համը վերականգնվում են ինքնաբերաբար, հատկապես երբ սկզբում կորուստը թեթև է եղել։ Երբեմն լինում է մասնակի վերականգնում, և մարդը կարողանում է զգալ միայն ուժեղ համերն ու հոտերը։

Որոշ հիվանդություններ

Դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչու, բայց հոտառության կորուստը կարող է վաղ ախտանշան լինել  նյարդաբանական որոշ հիվանդությունների համար, ինչպիսիք են դեմենցիան, Ալցհայմերի, Պարկինսոնի հիվանդությունը։

Մի շարք հիվանդություններ էլ կարող են վնասել գլխուղեղի հոտառության կենտրոնի հետ կապող նյարդերը։ Դրանցից են դիաբետը, Բելի կամ դիմային պարալիզը, Հանտինգտոնի հիվանդությունը, Կլայնֆելտերի համախտանիշը, ցրված սկլերոզը, Պեջետի հիվանդությունը, Շյոգրենի համախտանիշը։

Քաղցկեղը և դրա բուժումը

Քաղցկեղի որոշ տեսակները և այդ հիվանդության բուժման մեթոդները կարող են փոփոխել քթի, բերանի ու գլխուղեղի միջև ազդակների փոխանցումը։ Դա մասնավորապես վերաբերվում է գլխուղեղի ու պարանոցի ուռուցքներին ու այդ հատվածներում իրականացվող ճառագայթմանը։ Քիմիաթերապիան, թիրախային թերապիան ու որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները ևս կարող են բերել համի, հոտերի ընկալման փոփոխությունների՝ բերանում կարող է մետաղական համ զգացվել, որոշ հոտեր կարող են ավելի ուժեղ կամ տարբեր թվալ։ Բուժման ավարտից հետո սովորաբար այդ խնդիրներն անցնում են։

Որոշ դեղամիջոցներ

Դեղատոմսով կամ առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղամիջոցները կարող են փոփոխել հոտառությունն ու համի զգացողությունը։ Օրինակ՝ հակաբիոտիկները և արյան ճնշումը կարգավորող դեղերը կարող են փոխել համային ընկալիչների աշխատանքը, խաթարել ազդակների փոխանցումը դեպի գլխուղեղ կամ փոփոխել թքի բաղադրությունը։

Վիտամինային անբավարարություն

Հոտի և համի կորուստը կարող է կապված լինել որոշ վիտամինների պակասի հետ։ Հատկապես կարևոր են A, B6, B12 վիտամինները և ցինկը։ Որոշ հիվանդություններ և դեղամիջոցներ կարող են նվազեցնել դրանց մակարդակն օրգանիզմում։

Ծխելը, թմրանյութերը և քիմիական նյութերը

Ծխախոտի ծուխը կարող է վնասել կամ ոչնչացնել այն բջիջները, որոնք օգնում են ուղեղին տարբերակել հոտերն ու համերը։ Ծխելը նաև խթանում է լորձի արտադրությունը և նվազեցնում համային ընկալիչների քանակը։

Նման ազդեցություն կարող են ունենալ նաև թմրանյութերը և վտանգավոր քիմիական նյութերը՝ ինչպիսիք են քլորը, ներկերի լուծիչները և ֆորմալդեհիդը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930