Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները նաև արժեքային ընտրություն են․ ո՞վ է պատրաստ պաշտպանել Հայ Առաքելական ժառանգությունը, և ո՞վ է պատրաստ անտեսել. ԱԺԲ

Ապրիլ 30,2026 17:49 Share

հայտարարություն
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ այցը տեղի է ունենում Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բարբարոսական ավերումից ընդամենը օրեր անց։ Սրբավայրի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության դրսևորում։

Ցավոք, սա մեկուսացված դեպք չէ, այլ շարունակությունն է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից սկիզբ առած և հատկապես 2023 թվականին Արցախի էթնիկ զտումից հետո առավել սրված հակահայկական քաղաքականության։

Միևնույն ժամանակ տեղի ունեցածը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։

Միջազգային արդարադատության դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայ մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների վանդալիզմն ու սրբապղծությունը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) շրջանակում։ Վերոնշյալ որոշումը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի, ենթակա է պարտադիր կատարման։
Եկեղեցու ավերումը 2026 թ.-ին հանդիսանում է նշված պարտավորությունների ուղղակի և շարունակական խախտում։ Խոսքը ոչ թե քաղաքական կամ դիվանագիտական տարաձայնության, այլ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատվող իրավախախտման մասին է։

Բացի այդ, Ադրբեջանը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում գործող՝ 1954 թ. Հաագայի կոնվենցիան մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև 1972 թ. Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիան։

Նման պայմաններում հանցագործ վարքագծով պետության բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակության ընդունումը Հայաստանում կարող է ընկալվել որպես անտեսում սեփական պետականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև որպես Միջազգային արդարադատության դատարանի որոշումների արժեզրկում։

Բևեռը դիմում է Հայ Առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ շարունակել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստագրումը և ապահովել այդ նյութերի ներկայացումը միջազգային համապատասխան կառույցներին, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին։

ԱԺԲ-ն կոչ է անում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հիշել, որ 2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները նաև արժեքային ընտրություն են․ ո՞վ է պատրաստ հետևողականորեն պաշտպանել Հայ Առաքելական ժառանգությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակային ոչնչացման պայմաններում, և ո՞վ է պատրաստ անտեսել այդ իրողությունները։

Հավատ, Հայրենիք, Ինքնիշխանություն։
Հայաստանը սակարկման ենթակա չէ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930