Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաշատ մայրաքաղաք» հնավայրը խորհրդանշում է դեռևս դարեր առաջ ունեցած մեր պետական ավանդույթները. Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 30,2026 18:09 Share

Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD) շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում մշակել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման և զբոսաշրջային հանգույցի վերածման հայեցակարգը:

Հայեցակարգը ներկայացվել է Կոմիտասի թանգարան-ինտիտուտում. ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) ներկայացուցիչը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքը մեր պետականության կարևորագույն խորհրդանիշերից է և, ցավոք, քիչ բացահայտված: Ըստ հնավայրի զարգացման հայեցակարգի՝ հուշարձանն առաջիկա մի քանի տարվա ընթացքում կդառնա մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը:

«Այս հուշարձանը խորհրդանշում է դեռևս դարեր առաջ ունեցած մեր պետական ավանդույթները․ այս ծրագրի նպատակը հնավայրի պոտենցիալը համակողմանի ներկայացնելն ու ամբողջությամբ իրացնելն է՝ թե՛ մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման, թե՛ այն որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու տեսանկյունից: Գործողությունների ճանապարհային քարտեզը մշակելիս շատ կարևոր են միջազգային փորձն ու համագործակցությունը, որի շնորհիվ կունենանք արժանավայել մոտեցում Արտաշատ պատմական մայրաքաղաքի հանրային և զբոսաշրջային ներկայացմանը՝ որպես հարգանք ու պատկառանք մեր պատմությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին:

Ըստ նրա՝ մշակութային միջավարերի հետ առնչություններն ամբողջությամբ փոխում են մարդու պատկերացումները ճարտարապետական մտքի, նախագծման առանձնահատկությունների, ինժեներական ենթակառուցվածքների մասին:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ տևական ժամանակ աշխատանքներ են իրականացվում Արտաշատ պատմական մայրաքաղաքի Գետամերձ թաղամասը հանրությանն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ: Ընթացքի մեջ են տարածքի բարեկարգման, ճանապարհի առանձնացման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների նախագծման աշխատանքները: Զուգահեռաբար ընթանում է համապատասխան մոդուլային կենտրոնի՝ սպասասրահի կառուցումը՝ համայնքի հետ համագործայցությամբ:

Հիշեցնենք, որ Արտաշատ մայրաքաղաքի Գետամերձ թաղամասում ԿԳՄՍ նախարարության պատվերով 2025 թ. իրականացվել են հնագիտական պեղումներ, պատվիրվել է նաև պեղված հատվածների ամրակայման, նորոգման և բարեկարգման նախագիծը: Միջոցներ են ձեռնարկվում նաև «Գետամերձ» թաղամասը զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930