Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում»․ Մխիթար Հայրապետյանի հոդվածը Forbes-ում

Ապրիլ 30,2026 22:15 Share

Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում ապրիլի 30-ին հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

Հոդվածում նախարարն անդրադառնում է արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությանը գլոբալ ուժերի վերաձևավորման վրա՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով և արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձևում է այդ հավասարակշռությունը։

Հիմնվելով Կառավարությունում իր փորձառության վրա՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծում է, որ տեխնոլոգիական ներդրումներն ուղղակիորեն խթանում են նորարարությունը։ Նա առանձնացնում է ոլորտի զարգացման երեք առանցքային հիմնասյուները՝ էներգիան, հաշվարկային հզորությունները և մարդկային տաղանդը, փաստելով, որ դրանց արդյունավետ իրացումը հնարավոր է միայն պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցության շնորհիվ:

Հոդվածում ընդգծվում է, որ խոշոր կազմակերպությունները հիմնականում կենտրոնանում են շուկայի վերին հատվածների վրա՝ հնարավորություն ստեղծելով նոր դերակատարների համար մուտք գործելու ստորին մակարդակներից և զարգանալու հաճախ անտեսված նիշային ուղղություններում։

Նախարարի դիտարկմամբ՝ նորարարական սուբյեկտները, անկախ իրենց չափից, կարող են վերափոխել գործող համակարգերը, իսկ այս միտումն արդյունավետորեն կիրառող առաջնորդները ստանում են մրցակցային զգալի առավելություն։ Այս համատեքստում փոքր դերակատարներն ու երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կարող են օգտվել ստեղծված հնարավորություններից՝ մասնագիտանալով կոնկրետ ուղղություններում և իրականացնելով նպատակային ներդրումներ։

ԱԲ զարգացման երեք հիմնասյուները

Անդրադառնալով ԱԲ զարգացմանը նպաստող երեք հիմնական գործոններին՝ էներգիային, հաշվարկային հզորություններին և մարդկային կապիտալին, նախարար Հայրապետյանը նշում է, որ ԱԲ տեխնոլոգիաները պահանջում են հսկայական էներգետիկ ռեսուրսներ։ Արդյունքում էլեկտրաէներգիան աստիճանաբար վերածվում է 21-րդ դարի ռազմավարական կարևորագույն ռեսուրսի՝ ստանձնելով այն դերը, որ նախկինում ուներ նավթը։ Այս պայմաններում երկրների միջև սրվում է մրցակցությունը տվյալների կենտրոնների և ներդրումների ներգրավման համար:

Այս համատեքստում Հայաստանն ակտիվորեն դիտարկում է ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը՝ համադրելով դրանք սեփական էներգետիկ հնարավորությունների հետ։

Միևնույն ժամանակ նախարարը շեշտում է, որ արդյունաբերական հզորության ժամանակակից չափանիշներն այսօր GPU կլաստերները, ամպային ենթակառուցվածքները և տվյալների կենտրոններն են։ Նրա համոզմամբ՝ այս ուղղություններում վաղ փուլի ներդրումները թույլ են տալիս ձևավորել կայուն մրցակցային առավելություն և ամրապնդել դիրքերը համաշխարհային շուկայում:

Անդրադառնալով մարդկային կապիտալին՝ Մխիթար Հայրապետյանն այն համարում է վճռորոշ գործոն, ընդգծում, որ հենց բարձր որակավորում ունեցող մասնագետներն են ունակ ենթակառուցվածքները վերածել իրական արժեքի՝ ստեղծելով նոր արտադրանքներ ու ոլորտներ։

Այս համատեքստում նախարարն առանձնահատուկ կարևորում է STEM կրթության զարգացումը, ինժեներական էկոհամակարգերի ձևավորումն ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնումը՝ նշելով, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում նաև այս ուղղությամբ։

Ամփոփելով՝ նախարարը համոզմունք է հայտնում, որ ԱԲ զարգացման հաջորդ փուլը ձևավորելու են ոչ թե միայն խոշոր դերակատարները, այլ առավել ճկուն և մասնագիտացված փոքր սուբյեկտները։

Վերջիններիս հաջողության գրավականը բաց մտածողությունն է և սեփական մասնագիտացված կարողությունների հիման վրա մրցակցային առավելությունների ստեղծումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930