Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է իշխանությունների համար 50 տոկոս մասնակցությունն այդքան բաղձալի․ «Չորրորդ իշխանություն»

Մայիս 02,2026 09:30 Share

Ըստ հարցումների՝ ստացվում է, որ ՔՊ-ն ունի մոտ 670 հազար աջակից։ Եվ պատկերացրեք՝ 50 տոկոս մասնակցության դեպքում այդ թիվն էապես չի նվազելու, որովհետև նրանք մոտիվացված են։ Մի մասն իսկապես հավատացել է, որ «չկա Հայաստան առանց Փաշինյան», իսկ ընդդիմությունը պատերազմ է բերելու, մի մասը ստիպված է լինելու տարբեր ճնշումների տակ ձայն տալ ՔՊ-ին, և դա չանելը համարելու է իր և իր ընտանիքի համար ռիսկային (բա որ ստուգե՞ն), մի մասն էլ՝ պաշտոնյաները, չինովնիկական ապարատը, նրանց ազգուտակը, մի խոսքով՝ «հարմար տեղավորվածները», ՔՊ-ի վերարտադրությունը համարում են իրենց հետագա բարեկեցության երաշխիք։

Մոտիվացված է նաև «Ուժեղ Հայաստանի» էլեկտորատը, որովհետև նրանց համար այդ ուժի օգտին քվեարկելը Հայաստանում ինչ-որ բան փոխելու հնարավորություն է, ընդ որում՝ ոչ թե տեսական, այլ իրական հնարավորություն։

Իսկ ահա ընդդիմադիր մյուս ուժերի էլեկտորատներն առանձնապես մոտիվացված չեն։ Նրանք հասկանում են, որ իրենց նախընտրած ուժերը՝ «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն կամ «Միասնության թևերը», հաղթելու շանս չունեն և լավագույն դեպքում պայքարելու են երրորդ-չորրորդ տեղերի համար։ Հետևաբար՝ անպայման ընտրատեղամասեր գնալու մոտիվացիա չունեն (իրենց ի՞նչ՝ նրանք երրո՞րդ տեղը կզբաղեցնեն, թե՞ չորրորդ) և հունիսի 7-ին կամ կալարեն ընտրությունների գնալ, կամ ավելի կարևոր գործեր կունենան։

Ի դեպ, իշխանությունների բացահայտ մտադրությունը՝ արգելել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը, կապված է հենց մոտիվացիայի հետ և նպատակ ունի ընդհանուր մասնակցությունը հնարավորինս նվազեցնել և հասցնել իրենց համար բաղձալի 50 տոկոսին։ Ի վերջո իշխանությունները հասկանում են, որ եթե այդ ուժի մասնակցությունն արգելեն, դրա էլեկտորատը, միևնույն է, հո չի՞ անհետանալու Հայաստանից, էլի կարող է գնալ ու ձայն տալ որևէ ընդդիմադիր ուժի։ Բայց՝ մոտիվացիան արդեն նախկինը չի լինի, ու նրանց զգալի մասն այնուամենայնիվ կմնա տանը։

Իսկ ինչո՞ւ է իշխանությունների համար 50 տոկոս մասնակցությունն այդքան բաղձալի։ Պատկերացրեք՝ ՔՊ-ի մոտիվացված 670 հազար աջակիցների թիվը գրեթե չի նվազում՝ այսպես թե այնպես 650 հազարը քվեարկելու են, բայց ընտրություններին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսը՝ մոտ 1,3 մլն մարդ։ Այդ դեպքում ՔՊ-ն ստանում է 50 տոկոս, որն էլ «բոնուսներով» դառնում է 56-57։

Այնպես որ՝ ՔՊ-ին այսօր ոչ այնքան քաղաքական ուժերի վարկանիշներն են մտահոգում, որքան քաղաքացիների ակտիվությունը։ Նրանք ամենաշատն այդ ակտիվությունից են սարսափում։ Ի վերջո՝ պարզ հաշվարկներ են․ նույն թվով «կայուն ընտրողներ» ունենալով՝ 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն հաղթում է, 75 տոկոս մասնակցության դեպքում՝ պարտվում։

Եվ սա, ի դեպ, ցավալի է, որովհետև փաստորեն ընտրությունների արդյունքները կարող են կախված լինել նրանցից, ովքեր որոշում են չմասնակցել դրանց։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031