Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին` չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։
«Ազատության» տրամադության տակ է հավաքի ավարտին ընդունվելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե «ԵՄ-ը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը»:
Թեև մոտ երեք տարի առաջ վարչապետ Փաշինյանը եվրախորհրդարանում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի, Խորհրդարանն էլ անցած տարի օրենք էր ընդունել ԵՄ-ը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում հավաքի ավարտին որևէ պարտավորություն ստանձնել այս ուղղությամբ։ Փոխարենը, ակնկալվում է, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանի համար առանցքային՝ վիզաների ազատականացման հարցում «նշանակալի առաջընթացի» մասին։ Սա նախատեսված մի քանի փուլերից առաջինն է, և ակնկալվում է, որ այս տեմպերով բարեփոխումները կատարելու դեպքում Հայաստանի քաղաքացիները երեք-չորս տարի անց՝ այս տասնամյակի ավարտին, կկարողանան առանց վիզաների այցելել շենգենյան գոտի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































