Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է միգրանտներ ընդունող երկրի. Արմեն Ղազարյան

Օգոստոս 14,2026 12:08 Share

«Միգրացիոն ոլորտի համալիր վերանայում է իրականացվում, եւ առաջին անգամ դիտարկվում է այնպիսի կարեւորագույն ոլորտ, ինչպիսին է քաղաքացիությունը: Մեր նախկին բոլոր ռազմավարական փաստաթղթերում քաղաքացիության մասով առկա են որոշակի բացեր, ուստի առաջին անգամ համալիր կերպով վերանայում ենք քաղաքացիության ինստիտուտի հանդեպ մեր մոտեցումները»,- Ներքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսում նշեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը:

«Երկրորդ կարեւոր հանգամանքը վիզաների ազատականացման երկխոսությունն է ԵՄ-ի հետ: Մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք: Այս տարվա մայիսին ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը: Առաջընթացի զեկույցը բավական դրական է գնահատել Հայաստանի կողմից կատարված քայլերն այս ուղղությամբ եւ ներկայացրել է համապատասխան ռեկոմենդացիաներ: Մենք ունենք 53 ռեկոմենդացիաներ՝ զուտ մեր տնային աշխատանքի նպատակով: Դրանք բաժանել ենք կոնկրետ գործողությունների, մանրամասնել ենք, թե ինչ քայլեր պետք է իմպլեմենտացնենք, որ հասնենք այդ ռեկոմենդացիաների կատարմանը, եւ ըստ այդ՝ մշակել ենք 117 գործողություններ, որոնց կեսից ավելին կատարված է, եւ մինչեւ տարեվերջ կունենանք ավելի շատ դրական արդյունքներ այս մասով»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը: Հավելեց, որ ռեկոմենդացիաներն այս փուլում վերաբերում են օրենսդրությանը եւ քաղաքականության մշակմանը:

«Հիմնական միգրացիոն տենդենցը, որ արձանագրվում է Հայաստանի պատմության ընթացքում եւ մասնավորապես 2000-ականներից ի վեր, այն է, որ Հայաստանը վերածվել է միգրանտներ ուղարկող երկրից տրանզիտի, նաեւ միգրանտներ ընդունող երկրի: Այդ տենդենցը պահպանվում է, նաեւ թափ է հավաքում: Մյուսը օտարերկրացիների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճի տենդենցն է: Այս արդյունքները տեսնում ենք 2026թ. վիճակագրության պատկերում»,- հավելեց նա:

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը, խոսելով սահմանահատումների մասին, նշեց, որ անցյալ տարին ամփոփելիս նշել են 8660 թիվը՝ որպես առաջին անգամ գրանցած դրական ցուցանիշ, երբ ՀՀ քաղաքացիների մուտքերի եւ ելքերի տարբերությունը նման զգալի դրական թիվ է կազմում: «2026թ. առաջին կիսամյակում եւս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է՝ 1347»,- հավելեց Նելլի Դավթյանը: Հայաստանի Հանրապետություն առաջին կիսամյակում մուտք է գործել 59 300 օտարերկրացի:

«Ժամանակավոր կացության կարգավիճակի համար այս տարվա առաջին կիսամյակում դիմումները եղել են 9534, բավարարումները՝ 6059»,- մանրամասնեց Նելլի Դավթյանը: Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներից աշխատանքային հիմքով Հայաստան մուտք գործած անձանց, որոնց տրամադրվել է օրինական բնակության մասին տեղեկանք, հավելեց, որ 2026-ի առաջին եռամսյակում այդ թիվը կազմում է 2937: Ընդգծեց, որ ռեադմիսիոն ցուցանիշները համադրելի են նախորդ տարիների հետ, 293 ռեադմիսիոն հայց են ստացել 462 անձանց վերաբերյալ:

Անդրադարձ եղավ նաեւ անձը հաստատող փաստաթղթերին: Նելլի Դավթյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում տպագրվել է հին նմուշի 185 000 անձնագիր, նախորդ տարի էլ 174 000 էր եղել: Ասաց, որ աճել է նույնականացման քարտերի պահանջարկը՝ պայմանավորված հայտարարագրման, էլեկտրոնային պայմանագրերի պահանջով: Այս տարվա առաջին կիսամյակում, նրա փոխանցմամբ, 160 000 նույնականացման քարտ է տպագրվել: Ապաստանի հայցերն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 358, բավարարումները՝ 94, իսկ մերժումների ցուցանիշը՝ 199:

Ասուլիսն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել