Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն Բաքվի բանտում միայնակ է թողել իր քաղաքացիներին՝ չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը»․ Սիրանուշ Սահակյան

Մայիս 03,2026 14:31 Share

«Այս պահին Ադրբեջանում պահվում են հայ գերիներ, որոնց նկատմամբ արդար դատաքննության եւ անձնական ազատության խախտումները հենց պայմանավորված են էթնիկ հայ լինելու, ՀՀ քաղաքացի լինելու եւ հակամարտող պետության հետ առնչություն ունենալու հետ։ Արգելված պատանդային քաղաքականությունը դիվանագիտությունը դարձրել է լծակ, որն օգտագործվում է  հենց այս խմբի դեմ։ Եվ միջպետական հարթության մեջ այս անձանց պատանդ պահելով՝ լրացուցիչ լծակներ են գործադրվում՝ քաղաքական պահանջների բավարարում ակնկալելու համար»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թեեւ ուներ կարգավորում, կային հանձնառու կողմեր, խնդիրը շատ հստակ հասցեավորված էր, սակայն այս հանձնառությունը եւս խախտված է։ «Եվ մենք ունենք անձինք, որոնք պահվում են Բաքվի բանտերում 2023 թվականից ի վեր, երբ դրան հաջորդող ժամանակահատվածներում նախագծվել եւ նախաստորագրվել են փաստաթղթեր, որոնք արձանագրում են խաղաղության գոյությունը, բայց անգամ այդ հռչակված իրավիճակում մենք չունենք փոփոխություն։ Եվ մարդասիրական խնդիրները, ինչպիսիք գերիների ազատ արձակումն է կամ անհայտ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումը, դեռեւս շարունակում են մնալ չհասցեավորված։ Եվ մենք չենք դիտարկում համատեղ ջանքեր, որոնք կարող էին շատ արագ լուծումներ տալ այդ խնդիրներին»,- հավելեց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ռազմագերիների վերադարձի իրավունքը շատ ուժեղ կանոնակարգված է, ավելին, դրա չկատարումը պատերազմական հանցագործություն է, բայց այս պարտականությունը չի իրացվում, փոխարենը մենք տեսանք, որ արհեստական իրավական հիմքեր են ստեղծվում կամայական ազատազրկումն արդարացնելու համար։

«Այդ արհեստական հիմքերը դատավճիռներն էին, որոնք կայացվեցին 2026 թվականի փետրվարին։ Եվ այս պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների առնչությամբ կան դատավճիռներ։ Մենք կարծում ենք, որ պատահականություն չէր նաեւ դատավճիռների հրապարակայնացման օրերի ընտրությունը՝ փետրվարյան հայտնի իրադարձություններին զուգահեռ դրանք հրապարակվեցին։ Եվ Ադրբեջանի քաղաքական գործիչներն էլ չխորշեցին ուղիղ կապեր ցուցադրելու այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հետ եւ սեփական հասարակությանը սա մատուցեցին որպես նվեր։ Այս դատավճիռները թեեւ կան, բայց առ այսօր դրանք տրամադրված չեն ամբաստանյալներին։ Իրականացվում է կեղծ, բեմականացված այսպես կոչված դատավարություն, բայց անգամ այդ երկրի իշխանությունները հրաժարվում են այդ դատավարությունների արդյունքը տրամադրել հասցեատերերին։ Եվ, կարծես թե, չկան մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել այս տարրական, մարդկային իրավունքը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Բաքվի բանտերում 19 հայերը գտնվում են լիարժեք մեկուսի, անպաշտպան վիճակում։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարի մասին դեռեւս 2025 թվականին էր տեղեկություն տարածվել, այսօր ԿԽՄԿ-ն պարբերական այցելություններ չի իրականացնում, հայերը չեն օգտվում նաեւ ընտանիքների անդամների այցելության իրավունքից։ Սահակյանը հիշեցրեց, որ այս խնդիրը վերջերս հեռախոսազանգի միջոցով բարձրաձայնեց նաեւ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Իրավապաշտպանն ասաց, որ եթե չլինի պետական աջակցություն, այդ անձանց ընտանիքի անդամները չեն կարող ֆիզիկապես գտնվել Բաքվում։

«ՀՀ-ն իր քաղաքացիներին, ըստ էության, միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատություններում՝ չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Ընդ որում, մի պետություն, որտեղ ձեւավորվել է հայատյացություն, խտրականության պետական քաղաքականություն։ Առ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի հրաժարվում է տեսակցել Բաքվում պահվող պատանդներին, այնպիսի իրողության պայմաններում, երբ նրանք զրկված են անկախ վերահսկողության մեխանիզմներից»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031