Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցքի» քարոզիչը. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան

Մայիս 04,2026 10:21 Share

Այսօր՝ մայիսի 4-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, որը Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Թուրքական պաշտոնական մեդիաները, ինչպես նաև որոշ ազդեցիկ զլմ-ներ Յըլմազի այցը ներկայացնում են որպես «այս մակարդակում առաջին այց»։ Այս ձևակերպումը թուրք գործչի այցին հաղորդում է որոշակի պատմականություն և մատուցվում որպես հայ-թուրքական երկխոսության շրջանակներում «կարևոր ու նոր շրջափուլ նախանշող քայլ»։ Հիշեցնենք նաև, որ թուրքական լրատվամիջոցները մինչև վերջերս նշում էին, որ երևանյան գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չմասնակցելու դեպքում Թուրքիան այլ մակարդակով ներկայացված չի լինի, քանի որ կանոնները թույլ են տալիս միայն երկրների առաջնորդների մասնակցություն։

«Պատմակա՞ն այց»

Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը ստեղծվել է 2018 թ., երբ երկիրը վերջնական անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգից դեպի նախագահական համակարգ։ Հետևաբար զուտ փաստական տեսանկյունից Յըլմազի այցն իր տեսակի մեջ առաջինն է։ Սակայն նա ամենևին էլ 1991 թ. ի վեր Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան թուրք պաշտոնյան չէ։ Բավական է հիշել, որ 2013 թ. դեկտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար, ազդեցիկ գործիչ Ահմեթ Դավութօղլուն, որը սրանից մեկ տարի անց զբաղեցրեց Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ դրանից ավելի վաղ՝ 2008 թ. սեպտեմբերին աշխատանքային այցով Երևանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Վերջինիս այցը իսկապես պատմական էր ոչ միայն ֆորմալ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով, այլև Գյուլի՝ թուրքական քաղաքական դաշտում ունեցած իրական կշռով և այդ ժամանակ ընթացող հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալներով։

Ի տարբերություն Ա. Գյուլի կամ Ա. Դավութօղլուի՝ Յըլմազը համարվում է Էրդողանից լիարժեք կախյալ, առանց սեփական քաղաքական հետագծի և ինքնուրույն կշիռ չունեցող գործիչ։ Ուստի այս իմաստով Յըլմազի երևանյան այցը դժվար է գնահատել որպես պատմական կամ, առավել ևս, շրջադարձային իրադարձություն։ Ավելորդ չէ նկատել նաև, որ միայն վերջին տարվա ընթացքում Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ներկայացվածությամբ այցեր է ունեցել Թուրքիա (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը 2025 թ. հունիսին, իսկ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը 2026 թ. ապրիլին աշխատանքային այցով Ստամբուլում էին), ինչին ի պատասխան թուրքական կողմի այցը հնարավոր չէ դիտարկել որպես համահավասար։ Այս տեսանկյունից ավելորդ չէ հիշեցնել, որ վարչապետ Ն. Փաշինյանը անձամբ էր նախագահ Էրդողանին հրավիրել Երևան. «Առաջին անգամ աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում, և այցը շատ հաջող եմ համարում: Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք գագաթնաժողովին: Հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»։ Թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը մերժել են այդ հրավերը՝ այս առումով պահպանելով վերջին տասնամյակների օրինաչափությունը։

Յըլմազն ու հայկական օրակարգը

Բացի ընդհանուր խորհրդաժողովից, Երևանում այցի շրջանակներում նախատեսվում են Յըլմազի երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները Նորվեգիայի վարչապետի, Ռումինիայի նախագահի, Վրաստանի վարչապետի հետ։ Ըստ թուրքական մեդիաների՝ նաև սպասվում է երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ։ Հանդիպման օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ բուն խորհրդաժողովի հայտարարված թեմաներից մեկը հաղորդակցություններն են (connectivity), իսկ ինքը Յըլմազը հաճախ է խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա բացառված չէ, որ թուրք գործչի օրակարգում կլինի նաև այդ հիմնախնդրի թուրքական տեսլականի բարձրաձայնումը։

Պետք է նշել, որ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազը այդ պաշտոնում 2023 թ. հունիսին նշանակվելուց ի վեր մշտապես հանդիսանում է Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունների համար հիմնական պատասխանատուներից մեկը, իսկ իր հռետորաբանությունը հիմնվում է երկու երկրների հարաբերությունների շրջանակում հաստատված պաշտոնական քարոզչական խոսույթների վրա։

Դրանցից գլխավորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որի վերաբերյալ իր անդրադարձերում Յըլմազը պարբերաբար հիշատակում է այդ նախագծի կապը «Թյուրքական աշխարհի» հետ։ Այսպես, Թուրքիայի խորհրդարանում 2024 թ. հոկտեմբերի 31-ին 2025 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» Կովկասի և թյուրքական հանրապետությունների հետ կապվելու մասով շատ արժեքավոր է։ Շատ-շատ արժեքավոր է Թուրքիայի հաղորդակցությունների համար, քանի որ կա երկար ժամանակ չօգտագործված պոտենցիալ»։ Իսկ 2025 թ. սեպտեմբերին Բիշքեկում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը Յըլմազը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»: Նույն տարվա դեկտեմբերին Յըլմազը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դարձել բնորոշել է «Զանգեզուրի միջանցքը» որպես «թյուրքական հանրապետությունների հետ ուղիղ կապ ապահովող» ծրագիր։ Նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, որոնցում աչքի է ընկնում «միջանցքի» համաթյուրքականության կարևորության շեշտադրումը։

Փոխնախագահ Ջ. Յըլմազի հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» պատվիրակության հետ

Ըստ ամենայնի՝ փոխնախագահ Յըլմազը ներգրավված է նաև Հայաստանի դեմ ծավալապաշտական մեկ այլ ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առաջխաղացման գործում։ Այդ մասին է վկայում, օրինակ, այն, որ սրանից շուրջ մեկ տարի առաջ՝ Ջ. Յըլմազը 2025 թ. մայիսի 20-ին Թուրքիայի նախագահի նստավայրում (ք. Անկարա) հանդիպել է ադրբեջանական պետական պատվիրականությանը, որը գլխավորում էր Ադալեթ Վելիևը։ Վերջինս ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի հարցերով բաժնի ղեկավարը, այլև հաճախ հենց նա է նախագահ Ալիևի անունից հանդես գալիս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» միջոցառումներին։ Փոխնախագահ Ջ. Յըլմազի հետ հանդիպումը ևս այս թեմայով էր. պատվիրակությունը, որը գլխավորում էր Ա. Վելիևը, ներկայացնում էր «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչներին։ Ըստ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության սոցցանցային հաղորդագրության՝ վերոնշյալ հանդիպման ժամանակ Թուրքիայի փոխնախագահին են ներկայացվել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը, ինչպես նաև «բռնի տեղահանված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի համար կատարվող աշխատանքները»։ Հետաքրքրական է, որ Յըլմազի սոցցանցերում այդ հանդիպման մանրամասները չեն ներկայացվել՝ միայն նշելով, որ հանդիպում է տեղի ունեցել Ա. Վելիևի գլխավոր պատվիրակության հետ։

թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031