Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ներկաներից մեկի այն հարցին, որ երիտասարդները վախ ու անվստահություն ունեն ապագայի հանդեպ, որո՞նք են լինելու գործողությունները, որպեսզի երիտասարդները համոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն այսպես արձագանքեց. «Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին։ Դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի մտածել մնացած հարցերի մասին»:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի ձեւակերպմամբ, Նիկոլ Փաշինյանն այսօր լճացում է առաջացրել ոչ միայն երիտասարդության, այլ ընդհանրապես մարդկանց շուրջ 25%-ի մտքերում. «Այսօր մարդկանց մոտավորապես 25%-ը գտնվում է մոլորված վիճակում։ Դուք պետք է դա փոխեք, դուք պետք է համառորեն արտահայտեք ձեր կարծիքը, համառորեն պայքարեք, որովհետև առանց դրա, առանց ձեր պայքարի, կրկնում եմ, մեզ շատ դժվար կլինի։ Մենք պետք է առաջին քայլն անենք միասին։ Երկրորդ քայլի հարցում մի՛ կասկածեք, ես միշտ հավատարիմ եմ եղել իմ խոսքին, և հիմա էլ վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ քայլերը շատ ավելի հեշտ կլինեն»:
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանը նաեւ ընդգծեց. «Մարդկանց առավոտից երեկո կերակրում են ստով, մարդիկ իսկապես մոլորված են, մարդիկ չեն պատկերացնում իրենց վաղվա օրը, նրանք չեն պատկերացնում, որ վաղը մենք Հայաստան չենք ունենալու, բոլորը փորձում են լուծել իրենց ընթացիկ խնդիրները, սակայն մենք ազգ ենք, որը պետք է նայի ապագային, իսկ դուք պետք է ավելի շատ նայեք ապագային»։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ներկայիս հռետորաբանությանը, այս մասին էլ նշեց. «Հույս ունեմ, որ հունիսի 8-ին դուք անմիջապես կզգաք, որ ադրբեջանական ղեկավարության հռետորաբանությունը փոխվել է… Այս ամբողջ հռետորաբանությունը շատ արագ կփոխվի, ու մենք չենք պատրաստվում պատերազմել Ադրբեջանի դեմ, մենք, ինչպես ասում են մեր ընկերները, կունենանք մեր առաջնահերթությունները կամ դիրքորոշումները, այսպես ասած, ուժեղ դիրքերից՝ ուժեղ բանակցությունների միջոցով»։
Ի պատասխան տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղության հասնելու վերաբերյալ հարցին էլ Սամվել Կարապետյանը նախ դա բարդ հարցերից մեկը որակեց, ապա այսպես պատասխանեց. «Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե կա շատ արագ եւ պարզ լուծում։ Բայց մենք բոլոր կողմերից ունենք շատ լուրջ միջազգային գործընկերներ, եւ կօգտագործենք նրանց բոլոր հնարավորությունները՝ իրական երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար, սակայն արժանապատիվ խաղաղություն, ոչ թե կապիտուլյացիայի եւ հանձնվելու միջոցով, այլ հավասարների միջեւ խաղաղություն։ Սրա վրա կասկածել պետք չէ, մենք ունենք այդ հնարավորությունները, կապերը եւ ունենք դա իրականացնելու հսկայական ցանկություն»։
Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































