Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է մտածել, թե փոքր եք փոփոխություններ նախաձեռնելու համար. Անահիտ Մանասյանը՝ Շիրակի պետական համալսարանի ուսանողներին

Մայիս 06,2026 17:26 Share

Մայիսի 6-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ։

Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և կրթության, հասարակական կյանքում երիտասարդների դերակատարման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Պաշտպանը կարևորել է համալսարանական միջավայրի դերը՝ ընդգծելով, որ իր մասնագիտական գործունեության զգալի մասը կապված է եղել գիտակրթական և հետազոտական աշխատանքի, ինչպես նաև դասավանդման հետ։

«Վստահ եմ, որ զարգացնելով իրավունքների ոլորտին առնչվող գիտական և կրթական միջավայրը՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարող ենք արձանագրել էական առաջընթաց։

Երիտասարդներն այն առանցքային ուժն են, որոնք կարող են էական փոփոխություններ բերել մեր հասարակությունում։ Մշտապես ընդգծում եմ՝ երբեք չպետք է մտածել, թե դուք փոքր եք փոփոխություններ նախաձեռնելու համար․ ընդհակառակը, մեծ փոփոխությունները սկսվում են հենց ձեզանից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ ընդգծելով, որ հասարակական կյանքում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարման համար մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները հիմնարար նշանակություն ունեն։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առանձնահատկությունները և մանդատի շրջանակը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատազրկված հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ հարցով կիրառվող մեխանիզմներին, անկախ մոնիթորինգային գործիքների կարևորությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությանը տվյալ գործընթացներում։ Պաշտպանը խոսել է նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, մարդասիրական արժեքների, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների մասին:

Անդրադառնալով իրավահավասարության գաղափարին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս արժեքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորումն է։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները՝ ընդգծելով հանդուրժողականության, իրավահավասարության, ⚖️արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական էթիկայի պահպանման անհրաժեշտությունը։

🎤Հանդիպումն անց է կացվել հարցուպատասխանի ձևաչափով: Ուսանողները և դասախոսական կազմը հանդես են եկել նաև համագործակցության առաջարկներով:🤝

Հանդիպման ավարտին Պաշտպանը ուսանողներին կոչ է արել կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, իսկ կրթությունը՝ որպես արժեքների ձևավորման և տարածման կարևոր հարթակ՝ հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։

📌Այցի ավարտին Անահիտ Մանասյանը ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել շենքային և ուսումնառության պայմաններին, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031