Վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram ու և այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։
Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն։ Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու։
Կարևոր է, որ որևէ պարագայում չկատարեք շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն։
Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով՝ ստուգելու ստացված զանգի իսկությունը։
Կարդացեք նաև
⏺Պետք է նաև հիշել, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով։
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց։
Զգոն եղե՛ք․ խարդախության կանխումը սկսվում է ձեր զգուշավորությունից։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


















































