«Քվեարկելո՞ւ եք մեր օգտին, ձեր տնից քանի՞ ձայն գրեմ։ Ամեն տեղ գրելու եմ»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Գորայքի բնակչին՝ նրա տուն մտնելով՝ բաժանելով քարտեզ, բուկլետ և քաղցրավենիք ։
Հարցրեց՝ թոշակը բարձրացե՞լ է, առողջապահության ապահովագրությունից օգտվե՞լ եք ու ասաց՝ դե, խաղաղությունն էլ կա։
Կինն ասաց, որ չի կարողացել օգտվել առողջապահության ապահովագրությունից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ դե, փառք Աստծո առողջ եք։ Գորայքցի կինն էլ ասաց՝ չէ, ստենդ է դրված։
Քիչ անց Գորայքի փողոցներում քարոզարշավի առաջին օրը սկսած ՔՊ-ականներին միացավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արձակուրդո՞ւմ եք, նա պատասխանեց՝ այո։ Գորայքի բնակիչներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին դժգոհեց․ «Մեր մարզպետին մենք առաջին անգամ ենք տեսնում։ Լուրջ եմ ասում»։ Մարզպետն էլ արդարացավ․ չորս անգամ միայն վարչապետի հետ եմ եկել։ Դժգոհող գորայքցին էլ ասաց․ «10 անգամ գնում գալիս ես քաղաք, բայց մեր 60-70 տարվա տանիքները ամեն օր քամին տանում է։ Բա մի բանով չօգնե՞ն գյուղացուն։ Պատգամավորների էլ չեմ տեսել այստեղ»։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Դու ավելի շատ ես եկել, քան իրենք»։
Նիկոլ Փաշինյանը բարձրախոս վերցրեց ու սկսեց․ «Քարոզարշավի առաջին օրն է, եկեք ծափերով ողջունենք իրար։ Այ, էս եղավ հայերեն»։
Անդրադառնալով կաթի սուբսիդավորման, անասնապահության ոլորտում գորայքցիների բարձրացրած խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրն առաջիկայում կառավարությունը կընդունի։ Երբ ասում եք՝ նախկինում 190 դրամ էր, հիմա 170, ասեմ, որ կաթի գինը մեկ-երկու տարի կսուբսիդավորենք, բայց էն մեթոդով արտադրված կաթը, որ հիմա է, դրա գինը լինելու է զրո։ Ժամանակակից մարդը փոխվել է․ ոչ մեկը չի ուզում իր ու ընտանիքի համար առնի կաթ մածուն, որը ձեռքով է կթված, լցվում է դույլի մեջ, դրանից հետո լցվում ուրիշ բանի մեջ։ Դրա համար մենք անում ենք խելացի անասնագոմերի ծրագիր։
Գորայքից ընդհանրապես նախիր պետք է դուրս չգա, որ Գորայքի կաթի գինը սուբսիդավորման կարիք չունենա, որովհետև այն կաթը, որն արտադրվում է խելացի անասնագոմերում, երբեք այդ կաթի գինը 200 դրամից ցածր չէ։ Օրինակ՝ 1974-ին 06-ը երազանքի ավտո էր։ 1975-ին եմ ծնվել, 1981-1983-ից ինձ հիշում եմ՝ 06-ը մանկության երազանք էր։ 2001-ին ես ինձ համար իրականում 06 առել եմ։ Այն ժամանակ 15000 ռուբլի էր, բայց հիմա կարա՞նք 15000 ռուբլուն համարժեք դրամով 06 վաճառենք՝ թեկուզ յուղը վրան։ Ո՞վ է պատրաստ, ով ձեռ բարձրացրեց, պատվիրելու եմ, բերեմ, որ առնեք։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք՝ նախկինում ձեր գյուղից 20 նախիր էր դուրս գալիս, հիմա՝ 2, ասեմ, որ ժամանակակից անասնապահության մեջ նախիր ընդհանրապես դուրս չի գալիս»։
Ավարտելով այցը Գորայքում՝ Նիկոլ Փաշինյանը դիմելով գորայքցիներին ասաց․ «Պայմանավորվենք մի բան՝ ՀԴՄ-ն ձեզնից, հարցերի լուծումը՝ մեզնից։ 2026-ին քվեարկում ենք ո՞ւմ՝ 16 -ին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































