Այսօր նախընտրական քարոզարշավը «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիմը սկսել է Երասխ գյուղից:
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղաքացիներին ցույց տվեց Երասխում սկսված ու անավարտ մնացած մետալուրգիական գործարանը՝ պնդելով, որ հենց այդ կիսատ մնացած շինարարությունն էլ ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշն է.
«Ուզում եմ ձեզ ցույց տալ Երասխում 2 տարի առաջ կառուցվող մետալուրգիական գործարանը, հիմքերը գցվել են, բավականին մեծ գումարներ են ծախսվել, բայց գործարանը չի կառուցվել: Ինչու ենք մեր արշավը սկսել Երասխից. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը հիմնարար նշանակություն ունի, իսկ դա խոսում է ՀՀ ինքնիշխանության մասին, ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որ Հայաստանն ունի: Երկու տարի առաջ այսօրվա կառավարությունը Ադրբեջանի պահանջով ՀՀ ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից: ՀՀ ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել բանվորներին ու շինարարությունը դադարեցվեց: Խոսել ինքնիշխանությունից, ասել՝ ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, բայց ունենալ նման ամոթ, խայտառակություն եւ մեծ-մեծ հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, պարզապես ամոթ է»,- ասաց Մարուքյանը:
Կարդացեք նաև
Մարուքյանի խոսքով՝ հունիսի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց ընտրությամբ պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու հայկականությունը. «Այն Հայաստանի հանրապետությունը, որ մենք ուզում ենք ունենալ հունիսի 7-ից հետո չի կարող այսպիսի նվաստացած վիճակում լինել, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ու ինքնիշխան տարածքում հարեւան պետությունը կրակելով արգելում է կառուցել գործարան»:
Մարուքյանը նաեւ զգուշացրեց՝ նախընտրական այս փուլում քաղաքացիներին կասեն՝ 10.000 դրամով թոշակ ենք բարձրացնում, ձեր դեղերն ենք գնում, բայց. «Իմացեք, եթե անկախ ու հայկական պետականություն չունեցանք, որպես ազգ չենք կարող պաշտպանված լինել ապագա ցեղասպանություններից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































