«Մենք ընտրել ենք անվտանգությունը, ո՛չ խաղաղությունը, ո՛չ պատերազմը հավերժ գաղափարներ չեն: Եթե չլինի անվտանգության լուրջ համակարգ, չենք ունենա ոչ մի խաղաղություն: Մեր պետության համար այսօր գերակա խնդիրը անվտանգությունն է ոչ միայն ռազմական առումով, այլև տնտեսական ու տեղեկատվական առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Վահան Բաբայանը։
Կուսակցության վարչապետի թեկնածու, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ ասաց, որ չի կարող լինել խաղաղություն, եթե անվտանգությունն ապահովված չէ. «Եթե խոսում ենք խաղաղության մասին, չի կարող լինել խաղաղություն, եթե ապահովված չէ անվտանգությունը, իսկ անվտանգությունը հասարակության միասնական լինելն է, տնտեսությունը, թոշակառուների նյութական վիճակը, քո պետությունը, գիտական հզորությունը… մենք անվտանգություն ասելով՝ նկատի ունենք այս ամենը: Եթե դու ուժեղ ես՝ կանխում ես պատերազմը, եթե թույլ ես՝ հրահրում ես պատերազմ»։
Հարությունյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության և Արցախի հարցին, ասաց, որ այդ հարցերով ռեֆորմիստների առաջարկը մեկն է՝ պետք է անցկացնենք համազգային հանրաքվե. «Մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովրդին է պատկանում, պետք է ծրագիր մշակի՝ ո՞նց ենք մենք լուծում Արցախի հայության հարցը, Արցախի հարցը։ Այստեղ այնքան հարցեր կան, որոնց պատասխանը չկա։ Ես բազմիցս ասել եմ, թե մենք հիմա ինչ վիճակում ենք գտնվում, որովհետև չունենք դիվանագիտական հարաբերություններ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի հետ, իսկ դա պատերազմական էլեմենտ է։
Կարդացեք նաև
Սահմանը մեր փակ է, իսկ դա նույն ձևի միջազգային իրավունքի տեսանկյունից պատերազմ է։ Մենք ունենք խաղաղության գործընթաց, որտեղ նախաստորագրված է խաղաղության պայմանագիր, բայց նաև տեսնում ենք՝ հնչում են տարածքային սպառնալիքներ Հայաստանի հանդեպ, եթե կա սպառնալիք բարձրաստիճան ղեկավարության կողմից պետությանը՝ տարածքային պահանջներ, դա ռազմական սպառնալիք է։ Իսկ եթե դա ռազմական սպառնալիք է, ապա դու մշակում ես քո անվտանգության ծրագիրը՝ մեր բանակի քանակը, սպառազինությունը, մեր բյուջեն ո՞նց ենք որոշում։ Դա պիտի լինի կապված սպառնալիքների հետ։ Այնպես որ, սա լրջագույն հարց է, որի սկզբնական պատասխանը պետք է տա մեր հասարակությունը և ոչ թե միայն Ղարաբաղի մեր հարցով, նաև ցեղասպանության և այլ հարցերով»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































