Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասին թմրամիջոց վաճառելու համար նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում: Նախագծով՝ դառնում է 8-ից 15 տարի

Մայիս 11,2026 12:08 Share

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 11-ին գումարմած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը:

Հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանի խոսքով երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարության հետ համաձայնեցվել եւ մի շարք կարեւոր փոփոխություններ են կատարվել, որոնցով առավել խստացվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները:

«Եթե գործող օրենքով «Տելեգրամ» հարթակի միջոցով թմրամիջոց իրացնելու համար նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում, ապա նախագծով այն խստացվում է՝ դառնալով 5-ից 10 տարի: Անչափահասին թմրամիջոց վաճառելու համար գործող օրենքով նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում: Նախագծով այն խստացվում է՝ դառնալով 8-ից 15 տարի»,- ընդգծել է զեկուցողը:

Օրինագծով առաջարկվում է խստացնել նաեւ թմրամիջոցների աճեցման, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու համար նախատեսված պատիժները: Մասնավորապես, առաջարկվում է տուգանքի առավելագույն չափը 10-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկ, այսինքն՝ կրկնապատկել, ազատազրկումը 1 տարվա փոխարեն սահմանել 2 տարի: Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերելու դեպքում տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկից 40-ապատիկ, ազատազրկումը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարի: Առանձնապես խոշոր չափերով ձեռք բերելու կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում ազատազրկումը 2-ից 5 տարվա փոխարեն սահմանել 3-ից 6 տարի:

Հիմնական զեկուցողը նշել է, նաեւ որ առաջարկվում է խստացնել նաեւ վարչական պատասխանատվությունը: Առանց իրացնելու նպատակով, մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքը 200.000-400.000 դրամի փոխարեն սահմանել 400.000-800.000 դրամ: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը 400.000-800.000 դրամի փոխարեն սահմանել 800.000-1.600.000 դրամ:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը նշել է, որ նախագծի շուրջ բավականին երկար աշխատել են հեղինակի հետ եւ ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031